Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել Ռոբերտ Կարայանը


Հունվարի 13-֊ի երեկոյան իր տան մոտ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել գրող եւ հրապարակախոս, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռոբերտ Կարայանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռոբերտ Կարայանը, նրան են մոտեցել երկու երիտասարդներ, որոնցից մեկը հարվածներ է հասցրել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքից երկու օր առաջ Մտավորականների ֆորումի 4 անդամներ, այդ թվում նաեւ Ռոբերտ Կարայանը, հայտարարություն էին տարածել, որով իրենց խիստ զայրույթն էին արտահայտել դեկտեմբերի 27-֊ին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված լուրի կապակցությամբ, ըստ որի Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Սաշիկ Սարգսյանը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հայտարարել է. - «Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էսպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի՝ էդքան էլ կպառկացնենք»:

Մտավորականների ֆորումի ավագանին առաջարկել է «2008 թվականի լեգիտիմ նախագահ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդին՝ առաջիկա նիստերից մեկում պաշտոնապես հրավիրել Սաշիկ Սարգսյանին եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ ճշտելու կամ հերքելու այս հայտարարության իսկությունը, ինչպես նաեւ դիմել Հայաստանի դատախազություն՝ քրեական գործ հարուցելու կա'մ Սաշիկ Սարգսյանի, կա'մ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Ռոբերտ Կարայանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք հունվարի 13֊-ին տեղի ունեցածը կա՞պ ունի ավագանու անդամների հայտարարության հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG