Մատչելիության հղումներ

Վախճանվել է վրաց արքայական հարստության անմիջական ժառանգը


Երկարատեւ հիվանդությունից հետո 63 տարեկանում Թբիլիսիում մահացել է Վրաստանի արքայական ընտանիքի ժառանգ իշխան Գեորգի (Խորխե) Բագրատիոնին:

Հոգեհանգստյան արարողությունը կատարվում է Թբիլիսիի Սուրբ Երրորդություն մայր տաճարում: Հունվարի 19-ին իշխան Գեորգիի դին կտեղափոխեն Վրաստանի հինավուրց մայրաքաղաք Մցխեթի վանք, որտեղ էլ հաջորդ օրը՝ հունվարի 20-ին տեղի կունենա հուղարկավորությունը:

Իշխան Գեորգի (Խորխե) Բագրատիոնին ծնվել եւ մեծացել է Իսպանիայում: Արտասահմանում ապաստանած վրացական սփյուռքը անցած դարի 20-ական թվականներին Գեորգիի հորը՝ Իրակլիին պաշտոնապես հռչակել է վրաց գահի օրինական հավակնորդ: 1977 թվականին Իրակլի Բագրատիոնին մահացել է, եւ Գեորգիին անվանել են արքայական հարստության անմիջական ժառանգ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Գեորգին երիտասարդ տարիներին տարվել է ավտոմոբիլային սպորտով, զբաղվել է բիզնեսով: Վախճանված իշխանն ունի երկու որդի եւ մեկ դուստր: Որդիներից մեկը՝ 32-ամյա Դավիթն ապրում է Թբիլիսիում, մյուս երկու զավակները բնակվում են Իսպանիայում:

2004 թվականին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իշխան Գեորգիիին եւ Դավիթին երկրի քաղաքացիություն էր շնորհել:

Մի քանի ամիս առաջ վրաց կաթողիկոս - պատրիարք Իլիա Երկրորդն իր հրապարակային ելույթներից մեկում խոսել էր Վրաստանում սահմանադրական միապետություն ստեղծելու նպատակահարմարության մասին եւ ասել, թե «Վրաստանի ժողովուրդն ավելի քան 200 տարի երազում է Բագրատիոնիների հարստության վերականգնման մասին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG