Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ընդունել է համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ Յուրի Մերզլյակովին:

Միջնորդները տեղեկություններ են հաղորդել Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին եւ փոխանցել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումից ստացած տպավորությունները:

Վարդան Օսկանյանը եւ համանախագահները անդրադարձել են բանակցային փաստաթղթի` կողմերի միջեւ չհամաձայնեցված հարցերին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համանախագահների հետ հանդիպմանը նախորդել էր Վարդան Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի հարցեր` գոհունակություն հայտնելով Հայաստան - ԱՄՆ երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանի արժեքավոր ներդրումը միջազգային խաղաղապահ գործողություններում` Իրաքում եւ Կոսովոյում, ինչպես նաեւ Աֆղանստանում Հայաստանի ներգրավման հնարավորությունը:

Այնուհետեւ Մեթյու Բրայզան խոսել է Թուրքիայի նախագահի օրերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին` ներկայացնելով այցի ընթացքում կողմերի արտահայտած մոտեցումները հայ - թուրքական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ: Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր է շարունակել իր ջանքերը դրանց շուտափույթ կարգավորումն ապահովելու ուղղությամբ:

Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների մասին` կարեւորելով ընտրությունների ազատ ու արդար անցկացումը Հայաստանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG