Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը առաջարկում է ստեղծել ընտրությունների վերահսկման միասնական շտաբ


Հայ հեղափոխական դաշնակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հինգշաբթի օրը հնչեցրեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու առաջարկություն:

«Ընտրական գործընթացների նկատմամբ լիարժեք վերահսկողություն միայն մեկ քաղաքական ուժի ջանքերով հնարավոր չէ իրականացնել»,-
լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց Ռուստամյանը: - «Բանակցությունները հատկապես այս հարցով եղել են հնարավորինս բազմակողմանի: Եվ այստեղ մենք որեւէ արգելք կամ որեւէ նախապայման չենք տեսնում որեւէ մեկի հետ այս հարցով բանակցելու»:

«Մենք պատրաստ ենք բոլորի [թեկնածուների] հետ իսկապես հստակ մեխանիզմներ ամրագրել, ստեղծել վերահսկման մի միասնական շտաբ, որը կստանա տեղերից ահազանգերը, կստանա տեղերից տարբեր խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ամեն մեկը իր կանալներով դա կարող է ստուգել եւ, եթե իսկապես այդ հայտարարությունը ճիշտ է, հանդես գալ, օրինակ, համատեղ հայտարարությամբ», - շարունակեց Ռուստամյանը:

Նրա խոսքով, բարձրացնելով ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մակարդակը, հիմնավոր ապացույցներ եւ փաստեր ձեռք բերելով միայն հնարավոր կլինի հետագայում` անհրաժեշտության դեպքում, վիճարկել ընտրությունների արդյունքները. - «Սա մենք համարում ենք գլխավոր նախապայման ընտրությունների նորմալ անցկացումը ապահովելու համար... Որ հետագայում բողոքարկումները այդ ընտրակեղծիքների լինեն հիմնավոր, ապացուցելի եւ չմնան անհետեւանք»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG