Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Նախընտրական ծրագրերում գերակշռում է անորոշությունը: Օրինակ, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ասվում է. - «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ»: Սա արդեն իսկ կասկած է հարուցում, քանի որ աղքատներ կան անգամ աշխարհի ամենահարուստ երկրներում: Արման Մելիքյանն իր ծրագիրը սկսել է Սահմանադրության դրույթների մեջբերմամբ: Արտաշես Գեղամյանն ընդհանրապես դասախոսական բնույթի հատվածներ է զետեղել` պետության դերի, հարկային քաղաքականության, շուկայական մրցակցության եւ այլ մեխանիզմների մասին: Վահան Հովհաննիսյանը տնտեսությանը վերաբերող հատվածում նշում է. - «Տնտեսական համակարգը պետք է հիմնվի ժողովրդավարական եւ իրավական պետության հիմնարար սկզբունքների վրա: Փայլուն միտք է, բայց ոչ օրիգինալ, կարծում ենք` թեկնածուներից ոչ ոք հակառակը չի պնդում»:

Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի հարցազրույցում նախկին նախագահ, նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավելյալ պարզաբանումներ տալով նախագահ ընտրվելու դեպքում երեք տարի անց հրաժարական տալու խոստման վերաբերյալ, փաստարկել է. - «Այդ երեք տարիները ինձ անհրաժեշտ են, որպեսզի մաքրեմ ավգյան ախոռները եւ պետությունը դնեմ նորմալ հիմքերի վրա։ Ես այդ առաջարկն արել եմ, որպեսզի հասնեմ իշխանության դեմ ընդդիմության լիակատար համախմբմանը: Եթե դա տեղի չունենա, բնականաբար, չեղյալ կհամարվի նաեւ իմ կողմից մատնանշված 3-ամյա պայմանական ժամկետը»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը, նախագահի թեկնածու առաջադրված վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին անդրադառնալով, գնահատել է. - «Լինելով գործի եւ գործնական քայլերի կողմնակից՝ նախագահի ՀՀԿ թեկնածուն իր ծրագրում առանձնացրել է իրականանալի քայլեր ու նպատակներ, որոնց ծրագրային դրույթից իրական արդյունքի վերածվելուց հետո իսկապես կարձանագրվի երկրի զարգացման ու հասարակական կենսամակարդակի բարելավման ավելի բարձր մակարդակ։ Իսկ նախագահի թեկնածուի համար, ով հավակնում է դառնալ երկրի ղեկավար, շատ կարեւոր է իրականությունից չկտրվելն ու պոպուլիզմին տուրք չտալը»:

«Հայաստանի պես երկրներում ընտրությունները հաճախ օգտագործվում են ընդդիմության կողմից ընդամենը որպես իրավիճակի ապակայունացման առիթ», - գրել է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանն ու հարցրել. - «Կարծում եք` պատահակա՞ն են նեոբոլշեւիկները օրնիբուն հանդես գալիս հայտարարություններով, թե նախագահական ընտրությունների արդյունքները մեզանում անպայման կեղծվելու են»։ «Դա լավ մշակված տեխնոլոգիա է, որը փորձարկվել է Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում», - պատասխանել է թերթն ու եզրակացրել. - ««Հաղթանակած հեղափոխության» բոլոր երկրներում ընտրություններն ընդամենը բեմահարթակներ էին, իսկ իրավիճակին ընդդիմությունը տիրում էր միանգամայն այլ տեխնոլոգիաների միջոցով»:

«Առավոտ»-ը, անդրադառնալով հանրությանը Երեւանի քաղաքապետարանի ուղղած` երթերից ձեռնպահ մնալու կոչին եւ վկայակոչելով ձմռան ընթացքում սառցակալած փողոցներում արձանագրված վնասվածքների դեպքերը, հեգնել է. - «Այս առիթով «Երեւանի շտապօգնություն» ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանը տարեցներին, հղի կանանց եւ քրոնիկ հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ փողոցներում զբոսնելուց (էլ ուր մնաց` երթերի մասնակցելուց), իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կրկնակոշիկ հագնել»: «Հարցի լուծումը, հավանաբար, հենց դա է` թույլատրել երթերը, բայց դրանց մասնակիցներին պարտավորեցնել կրկնակոշիկ հագնել», - եզրափակել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG