Մատչելիության հղումներ

logo-print

Հեղինե Բիշարյան. «Բոլորին պարտադրում են տոկոսներ հօգուտ իշխանության թեկնածուի»


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի առաջադրված թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի մարզերում «խայտառակ իրավիճակ է տիրում», բոլոր պաշտոնյաներին «պարտադրում են տոկոսներ հօգուտ իշխանության թեկնածուի»:

«Փաստորեն, կանչում են բոլոր պաշտոնյաներին` մարզպետ, թաղապետ, քաղաքապետ, գյուղապետ, դպրոցի տնօրեն, բժիշկ, ուսուցիչ, բոլորին պարտադրում են տոկոսներ [հօգուտ վարչապետ Սերժ Սարգսյանի]», - հայտարարեց Հեղինե Բիշարյանը: - «Կան գյուղապետներ, որոնք ուղղակի զանգահարում են մեզ եւ ասում, որ իրենց ճակատագիրը կապված է 90 տոկոս իշխանության թեկնածուին ձայն տալու հետ` ես ինչպե՞ս եմ ապահովելու այդ 90 տոկոսը»:

«Ամեն մի ուսուցիչ պարտադրված բերելու է ցուցակ` ամենաքիչը 10 մարդ, որ պետք է ընտրի իշխանության թեկնածուին: Եթե ոչ` ինքը իր աշխատանքի մասին պետք է մտածի», - շարունակեց Բիշարյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Պարտադրանքի մեթոդով աշխատելը մեր ոճը չէ: Մենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գաղափարների ջատագով ենք եւ համոզված ենք, որ այս ընտրությունները եւս պետք է անցնեն ժողվրդավարական չափանիշներով... Բնականաբար, պարտադրանք չկա, որովհետեւ 21-րդ դարում` ժողովրդավարության ժամանակաշրջանում, հնարավոր չէ պարտադրանքով դառնալ նախագահ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG