Մատչելիության հղումներ

«Հայկական երկաթուղի» ընկերությունը կառավարման հանձնվեց «Ռուսաստանի երկաթուղիներ»-ին


Չորեքշաբթի օրը ամփոփվեց «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահեց «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը: 30 տարով «Հայկական երկաթուղու» կառավարումը ստանձնած ռուսաստանյան ընկերությունը պիտի վճարի 1 մլրդ 700 միլիոն դրամ (շուրջ 5,5 մլն դոլար) կոնցեսիոն վճար: Կոնցեսիոն կառավարման պայմանագիրը կարող է երկարաձգվել եւս 20 տարով:

«Այսօր նախարարական հանձնաժողովի որոշմամբ մենք որոշեցինք, որ հաղթող ենք ճանաչում «Ռուսական երկաթուղի» բաց բաժնետիրական ընկերությանը` որպես «Հայկական երկաթուղու» կոնցեսիոներ», - լրագրողներին ասաց Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Մանուկյանը համոզված է, որ «եթե այս տարբերակը չլիներ, փրկություն «Հայկական երկաթուղիներ»-ը չէին ունենա». - «Խնդրում եմ` ճիշտ հասկացեք, որ մենք, իսկապես, եթե թողնեինք հայկական երկաթուղին այս վիճակում, ապա ընդամենը մի քանի տարի հետո շարժակազմ չէինք ունենա... Միայն առաջին 5 տարիների ընթացքում «Ռուսական երկաթուղիներ»-ը առաջարկում է կատարել ներդրում շուրջ 68 միլիարդ դրամի` շուրջ 220 միլիոն դոլար»:

«Մենք շատ հաջողված գործարք ենք իրականացնում», - հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը:

Ներդրումների առումով, ինչպես փոխանցեց նախարարը, ներկայացված են տարբերակներ. - «Եթե երկաթուղին մնում է այս վիճակով, ապա ներդրումները առաջարկվում են մոտ 570 միլիոն դոլար: Երկրորդ տարբերակը` եթե բացվում է Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը` ապա շուրջ 610 միլիոն դոլար: Եթե բացվում է նաեւ Ադրբեջանի հետ հաղորդակցությունը` ապա ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1,8 միլիարդ դոլար: Եթե բացվում է նաեւ աբխազական երկաթգիծը` ապա ներդրումների ծավալը ռուսական երկաթուղին առաջարկում է շուրջ 2 միլիարդ 200 միլիոն դոլար»:

«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը, հարցին, թե նպաստելու է արդյոք ռուսաստանյան ընկերությունը նշված երկաթուղային ճանապարհների բացմանը, պատասխանեց. - «Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք երկաթուղայիններ ենք: Քաղաքական հարցեր չենք քննարկում»:

«Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ, որ հայկական երկաթուղիների մեկուսացումը դադարեցվի», - խոստացավ Յակունինը:

Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյանի տեղեկացմամբ, քննարկվել են հայկական երկաթուղու զարգացմանն առնչվող հարցեր:

Ռոբերտ Քոչարյանը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ ռուսական ընկերության կառավարման ներքո երկաթուղին կդառնա վերազինված եւ մեծ արդյունավետությամբ գործող ենթակառույց:

Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել «Ռուսական երկաթուղիներին» ցուցաբերված վստահության համար եւ ասել, որ ռուսական կողմը երաշխավորում է ստանձնած պարտավորությունների լիարժեք եւ ժամանակին կատարումը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG