Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահական ընտրություններին կհետեւեն ԱՊՀ ՄԽՎ-ի 10 դիտորդներ


Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովը (ԱՊՀ ՄԽՎ) ձեւավորել է 10 փորձագետներից կազմված խումբ` Անատոլի Տորշինի գլխավորությամբ, եւ արդեն փետրվարի սկզբից խումբը միջանկյալ մոնիտորինգ կանցկացնի:

Ինչպես այսօր հայտնել է ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ, փետրվարին դիտորդական առաքելության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ Հայաստանի ղեկավարության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ նախագահական ընտրությունների այն թեկնածուների հետ, ովքեր նման ցանկություն կհայտնեն:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Թորոսյանը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության աշխատանքը, որը, նրա խոսքերով, իր ներդրումն ուներ նաեւ մայիսյան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման գործում:

Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրությունները կանցնեն խորհրդարանական ընտրություններից ոչ պակաս հաջողությամբ ու կհամապատասխանեն միջազգային չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG