Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանը հիվանդ է ՁԻԱՀ-ով


ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը հիվանդ է ՁԻԱՀ-ով: Այդ մասին Ռուսաստանի Գերագույն դատարանում հայտարարել է դատախազ Վլադիմիր Խոմուտովսկին:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, դատախազը այդ տեղեկատվությունը հրապարակել է Ալեքսանյանի պաշտպանների գանգատի քննարկման ժամանակ:

Փաստաբանները դատարանում գանգատարկում էին իրենց պաշտպանյալի կալանքի երկարաձգումը:

Իր պաշտպանյալի հիվանդության մասին լրագրողների հարցերին փաստաբան Ելենա Լվովան պատասխանել է. - «Թողնում եմ առանց մեկնաբանությունների»:

Ավելի վաղ փաստաբանները հայտարարել էին, որ Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, եւ բանտում նա կարող է մահանալ:

«Նրա վիճակը այնքան ծանր է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի: Նա կարող է մահանալ մրսելու հետեւանքով», - «Ֆայնենշլ թայմս»-ին ասել էր Ելենա Լվովան` նշելով, որ հիվանդության բնույթը բացահայտել իր պաշտպանյալն իրեն չի լիազորել:

Վասիլի Ալեքսանյանը կալանվել է 2006 թվականի մարտին` ՅՈՒԿՕՍ-ի սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի շրջանակներում:

«Ֆայնենշլ թայմս»-ը երեկ հաղորդել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, համաձայն որի` Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում, ռուսաստանցի պաշտոնյաները չեն կատարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG