Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կանդրադառնա Կոսովոյի խնդրին


Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին կանդրադառնա Կոսովոյի խնդրին: Ենթադրվում է, որ Անվտանգության խորհրդի անդամներին կդիմի Սերբիայի նախագահ Բորիս Թաջիչը, ով հատուկ ժամանել է Նյու Յորք` պաշտոնական Բելգրադի տեսակետը լսելի դարձնելու համար:

Այդուհանդերձ, ոչ Արեւմուտքը եւ ոչ էլ Կոսովոյի ալբանացիները չեն պատրաստվում հրաժարվել երկրամասի անկախացման գաղափարից:

Մի քանի օր առաջ Կոսովոյի վարչապետ, նախկին դաշտային հրամանատար Հաշիմ Թաչին հայտարարել է, թե անկախության հռչակումը զուտ ժամանակի խնդիր է. - «Կոսովոն պատրաստ է իր նոր կարգավիճակին: Մենք պատրաստ ենք ի կատար ածել այլ երկրների կողմից կայացվելիք բոլոր որոշումները, որոնց էությունը Կոսովոյի անկախության ճանաչումը կլինի: Մենք որեւէ պարագայում չէինք ցանկանա, որ այս գործընթացը ձգձգվեր»:

Կոսովոյի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում: Եվրամիության նախագահությունը ստանձնած Սլովենիայի նորընտիր ղեկավար Դանիլո Տուրկը երեկ Lյուբլյանայում հյուրընկալել էր Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին: Բանակցությունների ավարտին կայացած ասուլիսի ընթացքում երկու երկրների նախագահները կոչ են արել Եվրամիության անդամ բոլոր 27 պետություններին` Կոսովոյի խնդրում հանդես գալ միասնական մոտեցմամբ:

Ավելի վաղ նմանատիպ կարծիք էր հայտնել Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: Ժամանելով Պրիշտինա` նա նշել էր, թե իր երկիրը Կոսովոյի խնդրում միասնական եվրոպական մոտեցման կողմնակիցն է: «Մենք ակնկալում ենք, որ Կոսովոն շատ շուտով կդառնա անկախ պետություն», - հայտարարել էր Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Անվտանգության խորհրդի այսօրվա քննարկումներից լուրջ սպասելիքներ չկան: Կողմերն ավելի մեծ հույսեր են կապում Եվրամիության արտաքին գործերի նախարարների առաջիկա հավաքի հետ, որը պետք է կայանա հունվարի վերջին: Ինչ որոշում կկայացնեն դրա ընթացքում եվրոպացի դիվանագետները` մեծապես կախված է հունվարի 20-ին Սերբիայում նախատեսված նախագահական ընտրությունների արդյունքներից: Ըստ սերբական աղբյուրների, հիմնական պայքարն այստեղ ընթանում է արեւմտամետ նախագահ Բորիս Թաջիչի եւ ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչի միջեւ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG