Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«90-ականներին ՀՀՇ-ականները վստահում էին մեր տվյալներին», - «Առավոտ»-ին ասել է Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը: Նա նաեւ փոխանցել է. - «Չեմ կարող 100 տոկոսով ասել, թե exit poll-ը կլինի, քանի որ բավականին ժամանակ է անցել, եւ այն, ինչ պետք է արդեն արվեր` նախապատրաստական աշխատանքները, մի քիչ ուշացվում է»:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մտքին, թե բանակցային սեղանին դրված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը «արդար է ու հավասարակշռված», «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը նկատել է. - «Ցավն այն է, որ ՀՀ նախագահի ամենեւին ոչ բոլոր թեկնածուներն են ծանոթ սեղանին դրված փաստաթղթին եւ, հետեւաբար, հնարավորություն չունեն հավաստիանալու դրա արդար եւ հավասարակշռված լինելու մեջ։ Բայց դա չի խանգարում թեկնածուներին էլի մեղադրանքներ ձեւակերպել իրար դեմ հին ու նոր փաստաթղթերի շուրջ, որոնց բովանդակությունը մինչեւ վերջ գաղտնազերծված չէ»: «Ընդ որում», - ըստ խմբագրականի, - «կողմերը հնարավորություն չունեն մեզ՝ քաղաքացիներիս ապացուցելու իրենց իրավացիությունն այնքան ժամանակ, մինչեւ այդ փաստաթղթերը պաշտոնապես չհրապարակվեն: Թե չէ՝ ժամանակ առ ժամանակ ինչ-ինչ տարրեր բացահայտվում են, բայց այդ տարրերն ընդդիմությունն ու իշխանությունը Հայաստանում եւ Ադրբեջանում մեկնաբանում են սեփական քաղաքական շահերից ելնելով»:

Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում, առաջիկա ընտրությունների ելքը կանխատեսելով, գնահատել է. - «Որքան էլ մնացած թեկնածուները փորձում են քողարկվել զգացմունքային ելույթներով, ակներեւ է, որ որեւէ մեկը հաղթելու ակնկալիք չունի եւ պայքարում է երկրորդ պատվավոր տեղի համար»։ «Բոլորին պարզ է, որ հաղթողը Սերժ Սարգսյանն է լինելու», - պնդել է խորհրդականն ու հասցեագրել. - «Ընդդիմադիր թեկնածուներից շատերի համար ստացած քվեներն էական չեն էլ լինելու։ Այս համատեքստում միանգամայն այլ դրսեւորումներ են ունենում ՀՀՇ-ն ու նրանց թեկնածուն։ Պայքարելով երկրորդ փուլի եւ երկրորդ տեղի համար՝ նրանք ավելի շատ հետաքրքրված են հետընտրական գործընթացներով՝ իշխանափոխության վրացական կամ ուկրաինական «գունավոր» սցենարներով»։

«Չորրորդ իշխանություն» թերթի համոզմամբ, «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ըստ էության արգելված է որեւէ առիթով հիշատակել այդ կուսակցության ղեկավարներ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի անունները»: «Եվ պատկերացրեք` նույնիսկ նրանք, ովքեր մինչեւ վերջերս երդվում էին նրանց անուններով, այսօր սրբորեն կատարում են Սերժ Սարգսյանի հրամանը», - հավելել է թերթը:

«Հայք» թերթը պնդել է, որ «Շիրակի մարզից ԱԺ պատգամավոր դարձած «Հրազդան» մարզահամալիրի սեփականատեր, ՀՀԿ-ի խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանը իր ընտրատարածքում սկսել է բացահայտ ապօրինություններ կատարել։ Նա լծվել է իր շեֆի՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավին, ու հիմա նրա մտերիմները ստիպողաբար ցուցակագրում են ընտրատարածքի քաղաքացիներին... Քաղաքացիները Աղաբաբյանի մարդկանց պետք է հայտնեն իրենց անձնագրային տվյալները եւ խոստանան, որ նախագահի ընտրություններին քվեարկելու են Սերժի օգտին։ Իսկ վերջիններս էլ խոստանում են փետրվարի 19-ին, քվեարկելուց հետո, նրանց փոխհատուցել 10-20 հազար դրամի սահմաններում», - եզրափակել է թերթը։

«Փող է հավաքում» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ը փոխանցել է. - «ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի մարդիկ արդեն երեք օր է՝ Արարատի մարզի բոլոր «Գազել» միկրոավտոբուսների վարորդներին ստիպում են, որ վերջիններս իրենց մեքենաները լիցքավորեն միայն իր ընտանիքին պատկանող գազալցակայաններում»։ «Հայտնի է, որ մարզի բոլոր երթուղային գծերը պատկանում են Աբրահամյանին։ Իսկ նրա գազալցակայաները գտնվում են մարզի Շահումյան գյուղում եւ Մասիսի տարածաշրջանում», - մանրամասնել է թերթն ու բխեցրել. - «Ըստ ամենայնի, Աբրահամյանը որոշել է ընտրություններից առաջ հնարավորինս շատ փող կուտակել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG