Մատչելիության հղումներ

logo-print

«Հայ կամավորականների համախմբում»-ը կպաշտպանի Տեր-Պետրոսյանի թեկնածությունը


«Հայ կամավորականների համախմբում» շարժման ներկայացուցիչները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Շարժման ներկայացուցիչները իրենց որոշումը հիմնավորեցին, թե «միայն նա [Լեւոն Տեր-Պետրոսյանը] կարող է կանխել գործող իշխանությունների վերարտադրությունը»:

«Թույլ չտալ կեղծարարություն, թույլ չտալ, որ իշխանությունները կրկին անգամ ապօրինի, խայտառակ ձեւով վերարտադրվեն», - ասաց «Հայ կամավորականների համախմբում» շարժման համակարգող Արմեն Եղյանը: - «Մենք բոլորս այդ հույսը ժողովրդի մոտ արթնացած տեսնում ենք. սա շատ կարեւոր է... Ես վստահ եմ, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է այս խաղին լրջորեն, ազնվորեն մասնակցել` ունենալով իր թիկունքում ժողովուրդ, ամենամեծ ռեսուրսը, նա միանշանակ, հաջողելու է»:

Իսկ եթե Տեր-Պետրոսյանը չկարողանա հաղթել այս ընտրություններում, ապա «միակ մեղավորը ինքը [Տեր-Պետրոսյանն] է լինելու. - «Եթե Տեր-Պետրոսյանը չկարողացավ այս ընտրություններում հաջողել, կնշանակի` ինքը այդ ամենամեծ զենքը, ռեսուրսը չկարողացավ օգտագործել»:

«Եթե ինքը չկարողացավ հաջողել, կնշանակի` ինքը այդքան վճռականություն եւ կամք չուներ, այդքան լրջություն չուներ», - հավելեց Եղյանը: - «Եթե ինքը իր վճռականությունը ցուցաբերեց` խնդիրը կլուծվի: Եթե չլուծվեց... ես պիտի համարեմ, որ նա վախեցավ կամ ինչ-որ խաղերի մեջ էր»:

Արցախի հարցում, սակայն, «Հայ կամավորականների համախմբում»-ը շարունակում է հանդես գալ արմատական դիրքերից` «Ոչ մի թիզ հող չզիջել» կարգախոսով, ինչը չի կիսում նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են, այդուհանդերձ, սատարում Տեր-Պետրոսյանին, Արմեն Եղյանը պատասխանեց. - «Բոլորս էլ [նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը] շատ լավ տեսնում ենք, որ Արցախի հարցը հրատապ լուծել... այսօր ակտուալ չէ այդ հարցը եւ ոչ էլ հնարավոր է: Մենք Արցախի հարցում այսօր վտանգ չենք տեսնում: Մեր դիրքորոշումը արմատական է մնալու եւ մենք այդ պոզիցիայով է, որ մտնում ենք այդ շարժման մեջ»:

Երեկ տարածած հայտարարությամբ «Հայ կամավորականների համախմբում»-ը կոչ է անում բոլորին «մի կողմ թողնել գաղափարական-քաղաքական տարաձայնությունները, համախմբվել Տեր-Պետրոսյանի շուրջը եւ ակտիվորեն մասնակցել նրա առաջնորդած համաժողովրդական շարժմանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG