Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, նախագահի առաջադրված թեկնածու Վազգեն Մանուկյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, որ «շատ մեծ» է գնահատում իր հնարավորությունները փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում:

«Ես շատ մեծ եմ գնահատում [իմ հնարավորությունները]», - ասաց Մանուկյանը` փաստարկելով. - «Որովհետեւ խոսքը այն 70 տոկոս զանգվածի մասին է, որը վակուում է զգում քաղաքական դաշտում եւ հակված կլիներ անձամբ ինձ եւ մեր գաղափարներին, մեր խմբավորմանը` եթե իր մեջ վստահությունը ավելի մեծ լիներ, որ քաղաքական պայքարով եւ ընտրություններով հնարավոր է երկրի վիճակը փոխել»:

ԱԺՄ-ի նախագահի համոզմամբ, հասարակության 70-80 տոկոսի համար քաղաքական դաշտում այսօր «վակուում կա», եւ եթե հնարավոր լինի այդ զանգվածը ոտքի հանել` առաջնորդի նկատմամբ ունեցած վստահության շնորհիվ, ապա դրա դեմ «ուժ լինել չի կարող»:

Հարցին, թե ունե՞ն այդ զանգվածը ոտքի հանելու համար անհրաժեշտ ներուժը, Մանուկյանը պատասխանեց. - «Եթե խոսքը ռեսուրսային ուժի մասին է` մարդկային, ֆինանսական եւ այլն, իհարկե, այդտեղ կան պրոբլեմներ: Եթե խոսքը անձամբ իմ մասին է, 88 թվից ես փորձում եմ դա տանել: Եվ արանքում մենք ունեցել ենք հաղթանակներ... որոնցով բնութագրվում է այժմ պետությունը»:

«Դա ե’ւ անկախությունն է, ե’ւ Արցախի պատերազմն է, ե’ւ շատ ու շատ գաղափարներ, որոնք առատորեն ուրիշները վերցնում են: Եվ ինչքան շատ են այդ գաղափարներից վերցնում, այնքան շատ եմ ես ուրախանում, որովհետեւ... ես կուզենայի, որ այդ գաղափարները դառնան հասարակության սեփականություն», - հավելեց Վազգեն Մանուկյանը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG