Մատչելիության հղումներ

Մեթյու Բրայզան հուսով է, որ նախագահական ընտրությունները չեն ազդի բանակցային գործընթացի վրա


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեքշաբթի օրը Երեւանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հույս հայտնեց, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն ազդի Ղարաբաղյան խաղաղ կարգավորման բանակցությունների վրա:

«Ես հույս ունեմ, որ չեն ազդի», - ասաց ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: - «Համենայն դեպս, տպավորություն կա, որ բոլոր թեկնածուները կողմ են առաջընթացին: Նախագահ դարձած ցանկացած անձ իրավունք ունի մեկնաբանել սեղանի եղած փաստաթուղթը: Բայց ես զգացողություն ունեմ, որ բոլոր թեկնածուները գիտակցում են խնդրի գինը, եւ այն փաստաթուղթը, որ դրված է սեղանին, արդար է եւ հավասարակշռված: Եվ մենք պետք է միայն աշխատենք մնացած փոքր տարաձայնությունների վրա»:

Տարածաշրջանային այցի երկրորդ փուլով երեկ ուշ երեկոյան Երեւան ժամանած համանախագահները (հունվարի 13-14-ին նրանք Բաքվում էին), Մեթյու Բրայզային խոսքերով, բերել են «այն փաստաթուղթը, որ ներկայացրել էինք արտգործնախարարների միջոցով Մադրիդում»:

Երեկ միջազգային միջնորդները Բաքվում լսել են Ադրբեջանի նախագահի տեսակետը, իսկ այսօր Երեւանում հանդիպել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ամերիկացի համանախագահի խոսքերով, հնարավոր չէ կանխագուշակել, թե կլինի արդյոք համաձայնություն մինչեւ Հայաստանի նախագահի ընտրությունները: Կարեւորը, ըստ Բրայզայի, բանակցությունների գործընթացն է` «կողմերն ունեն իրենց մոտեցումները» եւ «նախագահներին պետք է ժամանակ տալ ուսումնասիրելու փաստաթուղթը»:

«Արդյո՞ք լավատես է հարցի կարգավորման առումով» հարցին Մեթյու Բրայզան արձագանքեց, թե չի կարող ասել` լավատես է, թե հոռետես. - «Ես հույս ունեմ, որ իմ աշխատանքը արդյունավետ կկատարեմ, որ մենք կկատարենք առաջ շարժվելու ուղղությամբ նախագահներին օգնելու աշխատանքը: Եվ դա տեղի է ունենում` նրանք առաջ են շարժվում»:

Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպել են նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջնորդները Վարդան Օսկանյանին են ներկայացրել Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքները, իսկ նախարարը փոխանցել է Հայաստանի մոտեցումները 2007-ի նոյեմբերին Մադրիդում համանախագահների կողմից ներկայացված փաստաթղթի վերաբերյալ:

Ամերիկացի համանախագահը ասաց, որ նշված փաստաթուղթը իրենք ներկայացրել են երկու երկրների նախագահներին, իսկ Լեռնային Ղարաբաղ մեկնելու են, քանի որ «անհրաժեշտ է իրավիճակին ավելի լավ ծանոթանալ, ավելի լավ ճանաչել մարդկանց». - «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է մտածում Ղարաբաղի ժողովուրդը»:

«Հիմա ես գործընկերներիս հետ մեկնում եմ Ղարաբաղ, Արցախ` այնտեղ մարդկանց եւ իրավիճակի հետ ավելի լավ ծանոթանալու համար: Եվ դա էլ առաջընթաց է», - քիչ անց հավելեց Մեթյու Բրայզան:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG