Մատչելիության հղումներ

ՅՈՒԿՕՍ-ի հայ պաշտոնյայի կյանքը բանտում վտանգված է


ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի փաստաբանները զգուշացնում են, որ իրենց պաշտպանյալի կյանքին բանտում վտանգ է սպառնում, քանի որ ռուսաստանցի պաշտոնյաները չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, համաձայն որի` Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում:

Ըստ փաստաբանների, Վասիլի Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, եւ 14 ամիս առաջ բանտի բժիշկները նրան դեղեր եւ թերապիայի կուրս են նշանակել: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է «Ֆայնենշլ թայմս» թերթը, Ալեքսանյանը դեռեւս որեւէ բուժում չի ստացել, ինչպես նաեւ չի ուղարկվել մասնագիտացված բուժհաստատություն: Փոխարենը, նրան տեղափոխել են բանտային հիվանդանոց, որտեղ նա երկու ամիս առաջ վարակվել է տուբերկուլյոզով: Ալեքսանյանը կուրացել է եւ ի վիճակի չէ ծանոթանալ իր նկատմամբ խարդախության եւ հափշտակության մեղադրանքներով հարուցված քրեական գործի նյութերին:

«Նրա վիճակը այնքան ծանր է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի: Նա կարող է մահանալ մրսելու հետեւանքով», - ասել է Ալեքսանյանի փաստաբան Ելենա Լվովան` նշելով, որ հիվանդության բնույթը բացահայտել իր պաշտպանյալն իրեն չի լիազորել:

«Ռուսաստանյան իշխանությունների ներկայիս պահվածքը կարող է որակվել միայն որպես ցնցող-արգահատելի», - իր հերթին, հայտարարել է Եվրոպական դատարանում Ալեքսանյանի գործով փաստաբան Դրյու Հոլիները եւ հավելել. - «Եթե նա մահանա, Եվրոպական դատարանը դրա համար պատասխանատու կհամարի Ռուսաստանին»:

Վասիլի Ալեքսանյանը կալանվել է 2006 թվականի մարտին` ՅՈՒԿՕՍ-ի սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի շրջանակներում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG