Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի կառավարությունը վերադարձնում է խորհրդային Խնայբանկում պահ տրված ավանդները


Ուկրաինայի կառավարությունը արդեն երրորդ օրն է` սկսել է մասնակիորեն վերադարձնել խորհրդային Խնայբանկում պահ տրված ավանդները:

Գործընթացն ուղեկցվում է ահռելի հերթերով, որոնք որոշ քաղաքներում մի ամբողջ թաղամաս են զբաղեցնում: Հերթերում մի թոշակառու զոհվել է, մեկ ուրիշը` կոտրել ոտքը ու այլ մարմնական վնասվածքներ ստացել:

Նորանշանակ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե ավանդների վերադարձման գործընթացը, որը իր նախընտրական խոստումներից մեկն էր, շարունակվելու է: Նոր հերթերից ու տհաճ միջադեպերից խուսափելու համար վարչապետը խոստացել է այսուհետ փոխհատուցվող գումարները փոստատարների օգնությամբ մինչեւ ավանդատուների տուն հասցնել:

Ընդդիմությունը խստորեն քննադատում է կառավարության այս քաղաքականությունը` պատճառաբանելով, որ այն ավելացնելու է սղաճի տեմպերը: Տիմոշենկոն, սակայն, հերքում է մեղադրանքները եւ ընդգծում, որ ամեն ինչ հաշվարկված ու ծրագրված է, որեւէ էական ցնցում տնտեսության ոլորտում չի ակնկալվում:

«Ուկրաինայի կառավարության ձեռնարկած այս քայլը աննախադեպ է ԱՊՀ-ի ողջ տարածքում, ընդ որում, եթե նախկին խորհրդային երկրները գրոշներ են առաջարկում ավանդների դիմաց, մենք այդ գումարները փոխհատուցում ենք ամենաբարձր փոխարժեքով», - ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Տիմոշենկոն:

Խորհրդային բանկին պահ տված մեկ սովետական ռուբլու դիմաց Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է մեկ ուկրաինական գրիվնա, որը ներկայիս փոխարժեքով հավասար է մոտ 0.2 ամերիկյան դոլարի:

Ավանդատուներին հնարավորություն է տրվում միանվագ ստանալ մինչեւ հազար ռուբլուն համարժեք փոխհատուցում, մնացած մասը կառավարությունը խոստանում է վճարել առաջիկա երկու տարիների ընթացքում:

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներին նաեւ ընտրելու հնարավորություն ենք տալիս. կա'մ վերցնել այդ գումարը, կա'մ 13 տոկոսով կրկին պահ տալ Խնայբանկին, կա'մ էլ առաջիկայում այդ գումարի հաշվին վճարել կոմունալ ծախսերը, հեռուստացույց կամ լվացքի մեքենա գնել ու երեխաներին կրթության տալ», - հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Լրագրողի այն հարցին, թե որտեղի՞ց են գոյացել փոխհատուցման համար անհրաժեշտ միջոցները, Տիմոշենկոն պատասխանել է. - «Կաշառակերության դեմ մեր կառավարության մղած պայքարից. նոր կառավարության գործունեության տասը օրերի ընթացքում մեզ հաջողվել է բացահայտել ստվերում իրականացվող ֆինանսական գործարքների մեծ մասը եւ էականորեն ավելացնել բյուջետային մուտքերը»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG