Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ին տված հարցազրույցում Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը ասել է. - «Եթե մեր տնտեսությունը իբր թե վագրի ոստյուններով առաջ է թռչում, եթե մենք իրոք այդպիսի լավ երկրում ենք ապրում, որի վարչապետը Սերժ Սարգսյանն է եւ ուզում է նաեւ նախագահը դառնալ, ի՞նչ կարիք կա ուսանողներին իրենց բանուգործից կտրել եւ ուղարկել քարոզչաթերթիկներ բաժանելու»:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցի ու հանդիպումների ֆոնին գնահատել է. - «Դատելով համանախագահների այցի օրերին Բաքվից հնչող հայտարարություններից եւ դրանց` հայկական կողմի տված պատասխաններից, կարելի է անգամ այն տպավորությունը ստանալ, որ ներկա առաքելությունը ճիշտ հակառակ արդյունքներն է ապահովում»։ «Ստացվում է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը առայժմ միայն բորբոքում է կողմերի միջեւ շարունակվող բանավոր փոխհրաձգությունը՝ չխոստանալով որեւէ կոնկրետ արդյունք։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ միջազգային հանրության դրսեւորած շտապողականությունը պայմանավորված է բոլորովին այլ շարժառիթներով, որոնք ամենեւին էլ կապ չունեն Հայաստանի նախագահական ընտրությունների կամ էլ Ադրբեջանի նախագահի արդեն սովորական դարձած լեզվամարզանքների հետ», - եզրակացրել է մեկնաբանը։

«Առավոտ»-ի հարցազրույցում ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի քարոզչական մարտավարությանը անդրադառնալով, ընդգծել է. - «Քարոզարշավի ընթացքում մեր խնդիրը լինելու է ոչ թե որեւէ մեկին սեւացնելը, քննադատելը, այլ մեր ծրագիրը ներկայացնելը եւ քաղաքական լուրջ բանավեճի ընթացքում ապացուցելը, որ մեր ծրագիրն ամենաիրատեսականն է ու ամենալուրջ արդյունքները կբերի ժողովրդին... Իրար սիրել պարտավոր չենք, բայց պետք է հանդուրժենք: Փոխադարձ հարգանքի մթնոլորտը շատ կարեւոր է»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, նախընտրական իրողությունները գնահատելով, արձանագրել է. - «Ի սկզբանե, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալը, իշխանությունները մտածում էին, որ նախագահական ընտրություններն իրենք կարող են ավարտել մեկ փուլով։ Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո նրանք երկար ժամանակ մտադիր չէին փոխել իրենց պլանը։ Հանրային տրամադրությունների փոփոխությունները, սակայն, ի վերջո իշխանություններին ստիպել են գիտակցել, որ այս ծրագիրն անիրականանալի է: Այս է պատճառը, որ իշխանական վերնախավում սկսել են երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները՝ սկսած ֆինանսական ռեսուրսների վերաբաշխումից, վերջացրած հնարավոր ռիսկերի հաշվառումով»։

«Հայք» թերթը տեղեկացրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրամանով համակարգի 40 ծառայող կարգապահական տույժի է ենթարկվել: Ըստ թերթի, ծառայողական քննությամբ «ոստիկանությունում հայտնաբերվել են լուրջ օրինախախտումներ»: «Հայտնաբերված օրինախախտումները աչքի են ընկնում իրենց մեծ ծավալներով: Չարաշահումները ոստիկանությունում ուղղակի կրում են համատարած բնույթ. խախտումներ են հայտնաբերվել ինչպես Երեւանի մի շարք համայնքների, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի ոստիկանության բաժիններում», - հավելել է թերթը:

«Նոր տարվա առաջին թանկացումները» վերնագրի տակ «168 ժամ» թերթը գրել է. - «Վերջին շրջանում բավական բարդ է դարձել Հայաստանից մեկնող ինքնաթիռի տոմս հայթհայթելը։ Ամանորից հետո ընկած շրջանը համարվում է պիկ շրջան, քանի որ հատկապես Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվածները, ովքեր եկել էին Նոր տարին ընտանիքի հետ նշելու, հետ են վերադառնում։ Սրան զուգահեռ՝ վերջերս բարձրացել են ավիատոմսերի գները։ Թանկացումների նվազագույն չափը 5000-ից 6000 դրամ է»։ «Իսկ ներկայիս թանկացումների պատճառը, ավիաընկերությունների աշխատակիցների հավաստմամբ, դոլարի արժեզրկումն է», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG