Մատչելիության հղումներ

Վերանայվել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը


Ըստ Աղքատության հարթահարման ռազմավարական ծրագրի փոփոխված ու լրամշակված տարբերակի, 2012 թվականին Հայաստանում աղքատությունը կլինի ոչ ավելի, քան 12 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը` ոչ ավելի, քան 2 տոկոս:

Նաեւ` եթե նախորդ ծրագրով կանխատեսումներ էին արվում մինչեւ 2015 թվականը, ծրագրի նոր, լրամշակված տարբերակը ներառել է ցուցանիշներ մինչեւ 2021 թվականը:

Գործող ծրագրով, օրինակ, 2015 թվականին աղքատությունը պետք է չգերազանցեր 19,7 տոկոսը, իսկ լրամշակված ծրագրով` ոչ ավելի, քան 9 տոկոս: 2021 թվականին (այս ժամկետը բացակայում է գործող ծրագրում) աղքատությունը կունենա 6 տոկոսից ոչ ավելի մակարդակ:

Ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի քարտուղարության ղեկավար Հովհաննես Ազիզյանի, փոփոխությունները կատարվել են բազմաթիվ քննարկումների արդյունքում:

«Մենք իրականացրել ենք մոտ 50 քննարկումներ` մարզային եւ հանրապետական մակարդակում», - երկուշաբթի օրը հրավիրված քննարկման ընթացքում ասաց Ազիզյանը:

«Հազարաշեն» հասարակական կազմակերպության նախագահ Հրանուշ Խառատյանը,սակայն, իր անհամաձայնությունը հնչեցրեց, մասնավորապես, գյուղատնտեսությանը վերաբերող ցուցանիշների կապակցությամբ: Նրա խոսքերով, ընդհանուր գծերով, առաջընթաց գյուղում կա, բայց աղքատությունը այստեղ, ըստ իրենց հետազոտությունների, «ոչ թե կրճատվում, այլ խորանում է»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի շետադրմամբ` ամենաաղքատներին ծրագիրը գրեթե չի առնչվում. - «Ակնհայտ բարելավվել է ծրագիրը, բայց մենք խնդիր ունենք... ծրագրի ստատուսի խնդիրն է: Եթե անվանումը Աղքատության հաղթահարման ծրագիր է, ինձ համար սպասելի կլիներ, որ շատ ավելի կոնկրետ նպատակներ լինեին եւ հասնեին այն մարդկանց, որոնք այս պահին իրոք աղքատ են»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG