Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը տեղադրվել է նրա նախընտրական կայքէջում:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը «բխում է Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագրից»:

Հարցին, թե արդյո՞ք ծրագիրը հաշվի է առել նաեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցումները, Շարմազանովը արձագանքեց, թե ծրագրում ընդգրկվել են «բոլոր այն քաղաքական ուժերի մոտեցումները, որոնք սատարում են Սերժ Սարգսյանին»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ծրագրին, ապա հենց առաջին էջում, դիմելով ընտրողներին, Սերժ Սարգսյանը նշում է. - «2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլեւս ավանդույթ է»:

Մեկնաբանելով սա` Շարմազանովը ասաց. - «Մենք անելու ենք ամեն ինչ օրենքի սահմաններում, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտելու է եւ դատապարտում է ցանկացած ոտնձգություն օրենքի տառի դեմ, ցանկացած խախտում»:

Արցախյան խնդիրը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է լինի «Հայաստանի նախագահի գործողությունների կիզակետում»: Իսկ հիմնախնդրի կարգավորումը պետք է «խարսխված լինի» հետեւյալ սկզբունքների վրա. միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ սահմանների անվտանգությունը եւ, վերջապես, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր սահման:

«Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել եւս հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել մեկ օրում. այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է», - ասված է ծրագրում: - «Ղարաբաղյան համակարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը»:

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին ծրագրում նշված է. - «Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո’չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո’չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված եւ ո’չ էլ այլ նախապայմաններ»:

«Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որ հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, գիտենք նաեւ, թե ինչպես է պետք է լուծել դրանք», - ասված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG