Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանի շտաբ. «Տեր-Պետրոսյանը դատապարտում է համաժողովրդական ընդվզումը»


«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դատապարտում է 1996 թվականի համաժողովրդական ընդվզումը, ապա նրա քննադատության սլաքն ուղղված է ոչ միայն Վազգեն Մանուկյանի, այլեւ արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանություն ձեւավորելու ձգտման դեմ», - հայտարարել է Հայաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը:

Հակադարձելով հունվարի 11-ի ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտությանը, որ առաջիկա ընտրությունների արդյունքների կեղծման դեպքում ինքը «ցանկապատներ չի կոտրելու եւ խորհրդարանի նախագահի գլուխ չի ջարդելու», Մանուկյանի շտաբը ընդգծում է, որ «1996 թվականի ժողովրդական շարժումն իշխող վարչակարգի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետեւանք էր». - «Ժողովուրդը եւ շարժման մասնակից քաղաքական ուժերը, որոնք ուզում են ապրել ժողովրդավարական երկրում եւ ընդվզում են, երբ վարչախումբը խլում է ժողովրդին պատկանող իշխանությունը, ոտքի են ելնում տեր կանգնելու իրենց քվեներին»:

«Ոչ ոք կասկած չունի, որ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1996 թվականի ընտրությունների հետեւանքն էր», - հայտարարում է նախագահի առաջադրված թեկնածուի նախընտրական շտաբը:

«Միապետական համակարգ հաստատող Սահմանադրությամբ ձեւավորված Սահմանադրական դատարանը չընդունեց, որ 1996 թվականի ընտրությունները կեղծվել են, ինչպես եւ չընդունեց հետագայում, որ կեղծվել են 2003 թվականի նախագահական եւ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունները», - շեշտում են հայտարարության հեղինակները: - «Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, որը հնարավոր է դարձնելու այն մեխանիզմների ստեղծումը, որոնք կբացառեն ընտրությունների կեղծումը, կապահովեն դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից եւ արդարադատության իրականացումը, ոչ թե իշխանության գլխին կանգնած անձնավորության կամքը»:

Դրա շնորհիվ, ինչպես համոզված են Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում, «վերջնականապես կազատվենք 1995 թվականի Սահմանադրության ավանդույթներով իշխանությանը տիրացած վարչախմբից եւ, իրոք, առաջ կընթանանք զարգացման ուղիով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG