Մատչելիության հղումներ

«Ռուսաստանցիները պետք է ավելի շատ ձգտեն քաղաքական ազատության»


Ռուսաստանցիները պետք է ավելի շատ ձգտեն քաղաքական ազատության: Նման համոզմունք են հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի սենատորներ Բարի Քրեյգը եւ Չարլզ Գրասլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան այցելած ամերիկացի սենատորներն արձանագրել են, որ Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի կառավարման օրոք հետընթաց է ապրում ժողովրդավարությունից: Նրանք համաձայնել են այն դիտարկմանը, թե Պուտինի նման ղեկավարները ժողովրդավարություն ասելով հասկանում են ապակայունություն, իսկ սա ընդունվում է բազմաթիվ ռուսաստանցիների շրջանում, որովհետեւ նրանք երկրում որոշակի տնտեսական առաջընթաց տեսնում են եւ վախենում են վերադառնալ 90-ականների խառնաշփոթին:

«Ռուսաստանի տնտեսությունը այժմ ավելի լավ վիճակում է, քան 10 տարի առաջ էր: Դա պայմանավորված է նավթի գնի բարձրացմամբ», - ասել է Չարլզ Գրասլին` միաժամանակ նկատելով. - «Բայց ենթադրենք` նավթի գինը իջնում է. Ռուսաստանի բնակչությունը կվերադառնա քաոսային վիճակի: Այսինքն` ժողովուրդը պետք է ավելի շատ ձգտի քաղաքական ազատության, որովհետեւ քաղաքական ազատությունը բերում է տնտեսության ուժեղացում»:

«Կարծում եմ, մենք չպետք է մոլորեցնենք Պուտինին եւ ռուսաստանցիներին, թե մեզ կբավարարի երկրի վերախորհրդայնացումը: Որովհետեւ, կարծում եմ, ոստիկանական պետությունն ինքնին վատ բան է, եթե պայքարում ես քաղաքացիական իրավունքների համար», - ընդգծել է Այովա նահանգը ներկայացնող սենատոր Գրասլին եւ հավելել. - «Եվ վերջապես, պետք է հստակեցնել, որ թույլ չենք տա Պուտինին մոլորեցնել մեզ, ինչպես միգուցե եղավ, երբ Բուշը առաջին անգամ այցելեց նրան: Եթե ես նայեի Պուտինի աչքերին այսօր, ես կտեսնեի Պետական անվտանգության կոմիտեն եւ կրկին զարգացող խորհրդային համակարգը»:

Լրագրողի այն հարցին` արդյոք Միացյալ Նահանգներն այսօր Ռուսաստանին դիտարկում է որպես գործընկե՞ր, թե՞ հակառակորդ, Գրասլին պատասխանել է. - «Ես նրանց չեմ դիտարկում որպես հակառակորդ, որովհետեւ չեմ կարծում, թե նրանք այդքան ուժեղ են` հակառակորդ լինելու համար: Հնարավոր է, որ նախկինում` Խորհրդային Միության տարիներին, մենք նրանց հակառակորդ համարել ենք»:

Խոսելով աշխարհում ժողովրդավարական արժեքների տարածման մասին` սենատորները շեշտել են, որ ժողովրդավարությունը ոչ թե սոսկ արեւմտյան գաղափար է, այլ ցանկացած մշակույթում տեղայնացվող երեւույթ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG