Մատչելիության հղումներ

logo-print

Բեղերը՝ հակամարտության գործո՞ն


Եգիպտոսի հարավում գտնվող Քենա շրջանի Ալ Մահրուզա գյուղի տղամարդկանց միջեւ սկսվել է հակամարտություն, որի ընթացքում կիրառվում է պայքարի աննախադեպ միջոց. Բադր, Ալ Ղայուշ եւ Ալ Աղալին գերդաստանների արական սեռի ներկայացուցիչները միմյանց դարանակալում եւ... սափրում են: Այդ մասին հաղորդում է Եգիպտոսում լույս տեսնող «Ալ Ախրամ» թերթը:

Տեղացի տղամարդկանց համար բեղերը ուժի եւ արիության խորհրդանիշ են, եւ դրանցից զրկվելն անձնական մեծ ողբերգություն է: Բռնի կերպով սափրված տղամարդը ցանկանում է անհապաղ վրեժ լուծել եւ վերականգնել իր արժանապատվությունը:
Ալ Մահրուզա գյուղում վերջին օրերին լարվածությունը հասել էր կիզակետին: Բադր գերդաստանը գողացել է Ալ Աղալին գերդաստանի երիտասարդներից մեկին եւ սափրել, Ալ Աղալին գերդաստանի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, թե դաժանաբար վրեժ կլուծեն:

Բադր գերդաստանի ներկայացուցիչները առաջարկել են 50 հազար եգիպտական ֆունտ կամ մոտ 9 հազար ամերիկյան դոլար փոխհատուցում, որը, սակայն, մերժվել է: Մասնավորապես, Ալ Ղայուշ գերդաստանի ներկայացուցիչները հայտարարել են, թե իրենց «բեղազրկված» տղամարդկանց պատիվը ոչ մի պարագայում չեն դարձնի սակարկության խնդիր:

Երբ գյուղը հայտնվել է ողբերգության եզրին, խնդրին միջամտել են շրջանի շեյխերը, ոստիկանապետը եւ Քենա շրջանը Եգիպտոսի Ազգային ժողովում ներկայացնող պատգամավորը:

Անցած շաբաթվա ընթացքում Ալ Մահրուզա գյուղի 7 հազար բնակիչների ներկայությամբ եւ վերը նշված միջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում երեք գերդաստանների ավագները հաշտության պայմանագիր են կնքել, պարտավորվել են հրաժարվել փոխադարձ ոտնձգություններից, վրեժ լուծելու փորձերից եւ բարեկամական կապեր հաստատել գերդաստանների միջեւ:

Շրջանի իշխանությունները հուսով են, որ Ալ Մահրուզայում վերջնականապես անդորր կլինի, երբ բռնի ուժով սափրվածների բեղերը կաճեն ու կհասնեն ընդունված երկարության:

«Ալ Ախրամ» պարբերականը նշում է, որ Եգիպտոսի հարավում գտնվող գյուղերում նահապետական կարգեր են, մարդիկ շատ զգայուն են պատվի հարցում, տոհմի ներկայացուցիչներից մեկին հասցված վիրավորանքը դիտվում է իբրեւ վիրավորանք ամբողջ տոհմին, ինչի հետեւանքով սկսվում են բախումներ, որոնք տարիներ են տեւում եւ տասնյակ մարդկանց կյանք խլում: Ուստի, Ալ Մահրուզայում ամեն ինչ այս անգամ բարեհաջող է ավարտվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG