Մատչելիության հղումներ

Սկանդալային պատմություններ ՄԱԿ-ում


«Ռոյթըրզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կառույցներում անցկացված ծառայողական հետաքննության արդյունքները վկայում են ՄԱԿ-ում տեղ գտած կեղծիքների եւ արգահատելի արարքների հարյուրավոր դեպքերի մասին:

«Անցած երեք ամիսների ընթացքում մենք շատ լարված օրակարգով ենք աշխատել, շուրջ 250 գործ ենք քննել», - ասել է ՄԱԿ-ի ներքին վերահսկողության բաժնի ղեկավար, նախկինում Շվեդիայի գլխավոր աուդիտոր Ինգա-Բրիտ Ահլենիուսը եւ հավելել. - «Մենք բացահայտել ենք անփութության, մեքենայությունների եւ կոռուպցիայի արտասովոր ծավալի դեպքեր, այն աստիճանի, որ երբեւէ չենք ակնկալել»:

Ալհենիուսի խոսքերով, գործերի երկու-երրորդն այս կամ այն չափով վերաբերում է խաղաղապահ առաքելություններին: Քննվում է սեռական հետապնդումների եւ շահագործման շուրջ 80 գործ:

2007-2008 թվականներին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների բյուջեն ավելի քան 5 միլիարդ դոլար է: Ինգա-Բրիտ Ալհենիուսի փոխանցմամբ, հաստատվել է, որ առնվազն 600 միլիոն դոլարի գործարքներում այս կամ այն չափով առկա են ֆինանսական մեքենայություններ:

ՄԱԿ-ի գնումների բաժնի ղեկավար Ռոգբերտ Էփլթոնը հաստատել է, որ իրոք կան շատ կասկածելի գործարքներ, սակայն չի կարելի ասել, թե կոռուպցիան բնորոշ է գործարքների մեծ մասին: «Ռոյթըրզ»-ը նշում է, որ ՄԱԿ-ի գնումների բաժինը ժամակակավոր կառույց է, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է ՄԱԿ-ի «Նավթ պարենի դիմաց» ծրագրի կոռուպցիոն էությունը:

Ահլենիուսի խոսքերով, ՄԱԿ-ի ներքին վերահսկողության եւ գնումների բաժինները համատեղ ուսումնասիրում են Lockheed Martin Corp ամերիկյան ընկերության հետ ՄԱԿ-ի ստորագրած 250 միլիոն դոլարի պամանագիրը: Այն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ պարզվել է, որ «Լոքհիդ» ընկերությունն առանց որեւէ մրցույթի է շահել Սուդանի Դարֆուրի շրջանում խաղաղապահների համար 5 հենակայաններ կառուցելու պատվերը:

Այդ պայմանագրի համար քննադատության է ենթարկվել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ով հավանություն է տվել տենդերը «Լոքհիդ»-ին պատկանող Խաղաղօվկիանոսյան ճարտարապետական-ճարտարագիտական կորպորացիային առանց մրցույթի հանձնելու առաջարկին:

Ինքը գլխավոր քարտուղարն ասել է, թե ՄԱԿ-ի գործող կանոնադրությունն իրեն շնորհում է արտակարգ դեպքերում պայմանագրերն առանց մրցույթի կնքելու իրավունք, երբ ենթադրվում է, որ այն ստորագրող ընկերությունը կարող է շատ կարճ ժամկետում կատարել պատվերը:

Անցած տարվա դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով քննադատել է գլխավոր քարտուղարի այդ քայլը եւ դրա քննությունն է պահանջել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG