Մատչելիության հղումներ

Վախճանվել է մոլորակի ամենաբարձր գագաթն առաջինը նվաճած Էդմունդ Հիլարին


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Նոր Զելանդիայում 88 տարեկանում մահացել է սըր Էդմունդ Հիլարին, ով 1953 թվականի մայիսի 29-ին, առաջինը լեռնագնացության պատմության մեջ, բարձրացել է Էվերեստի գագաթը: Գրողներն ու հրապարակախոսներն այն անվանում են նաեւ Երկիր մոլորակի «Երրորդ բեւեռը»:

Արշավի ընթացքում Հիլարիին ուղեկցել է նեպալցի շերպա Թենցինգ Նորգայը: Շերպաները Նեպալի լեռնային շրջանում բնակվող ժողովուրդ են. Հիմալայան շրջանի տեղանքին քաջածանոթ շերպաները ավանդաբար ուղեկցում են լեռնագնացներին, եւ անցած տասնամյակների ընթացքում «շերպա» հասկացությունը դարձել է նաեւ լեռնագնացների ուղեկցորդների մասնագիտության անունը: Թենցինգը 1989 թվականին է մահացել:

1953 թվականից ի վեր շուրջ 3 հազար մարդ է բարձրացել Էվերեստ, ավելի քան 200 մարդ զոհվել է այդ լեռան գագաթը նվաճելու փորձերի ընթացքում: Լեռան բարձրությունը 8848 մետր է: Գագաթի շրջանում օդի ջերմաստիճանը 0-ից ցածր է 40 աստիճան, իսկ մթնոլորտում` ծովի մակերեւույթի համեմատությամբ, առկա է թթվածնի ընդամենը մեկ երրորդը:

Նեպալի բնակիչները լեռն անվանում են Ջոմոլունգմա՝ «Երկնքի աստվածուհի», իսկ Տիբեթում անվանում են Սագարմաթհա՝ «Տիեզերքի մայր-աստված», մինչդեռ անգլերեն անվանումը բրիտանացի հողաչափ եւ աշխարհագրագետ, Մեծ Բրիտանիայի Աշխարհագրական միության փոխնախագահ Ջորջ Էվերեստի ազգանունն է: Նա 1830 - 1843 թվականներին միապետի կարգադրությամբ գործուղվել է Հնդկաստան, որտեղ չափումներ կատարելու ընթացքում իր աշխատություններում գրել է, որ, իր համոզմամբ, այդ լեռն ամենաբարձրն է աշխարհում:

Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարքն այսօր հարգանքի տուրք է մատուցել Հիլարիի հիշատակին եւ մեծ ակնածանքով է խոսել նրա խիզախության մասին:

«Սըր Էդն իրեն անվանում էր համեստ ունակություններով օժտված շարքային նորզելանդացի: Իրականում նա հսկա է, նա իսկական պատմական հերոս է, ով նվաճել է Էվերեստը, նա միաժամանակ վճռակամ, հեզ եւ վեհանձն անձնավորություն էր», - ասել է վարչապետ Քլարքը:

Ավստրալիայի վարչապետի պաշտոնակատար Ջուլիա Ջիլարդը Հիլարիին անվանել է «խիզախության խորհրդանիշ, մարդ, ով ունակ էր երազել եւ իրականություն դարձնել իր երազանքը»:

Նեպալի իշխանությունները 2003 թվականին Հիլարիին Էվերեստ բարձրանալու 50-ամյակի կապակցությամբ պատվավոր քաղաքացիություն են շնորհել: Այսօր այդ երկրի ղեկավարները ցավակցություն են հայտնել Հիլարիի ազգականներին եւ բարեկամներին:

Էդմունդ Հիլարիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրանունը: «Նա հերոս էր, ով արժանացել էր ամբողջ աշխարհի հարգանքին: Նա մեծ հետազոտող էր, առաջնորդ եւ ռահվիրա», - ասել է Բրաունը:

Շերպաները 188 սանտիմետր հասակ ունեցող Հիլարիին անվանել են “burra sahib"՝ «մեծ մարդ»: Հիլարին Նեպալում մեծ հարգանք է վայելել: 1982 թվականին լեռնագնացը ստեղծել է Հիմալայան հիմնադրամը, որը Նեպալում բնակվող շերպաների համար կառուցել է հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ճանապարհներ եւ դպրոցներ:

1953 թվականի հուլիսի 16-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Էդմունդ Հիլարիին շնորհել է Բրիտանական կայսրության շքանշանն ու «սըր» տիտղոսը:

Էվերեստ բարձրանալուց հետո Էդմունդ Հիլարին ասել է. - «Ես երբեք բավարարված չեմ լինում, ընդհանրապես, կարծում եմ, որ այն պահին, երբ որեւէ մեկը որեւէ առիթով բավարարված է լինում, նրա մոտ շատ արագ ի հայտ է գալիս ձանձրույթի զգացումը»:

Էվերեստ բարձրանալուց հետո Էդմունդ Հիլարին մասնակցել է հետաքրքիր այլ արշավների, 1963-65 թվականներին հասել է Հարավային բեւեռ, ապա մոլորակի բնակիչներից առաջինը Լուսնի վրա ոտք դրած ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հետ 1985 թվականին փոքրիկ օդանավով վայրէջք է կատարել Հյուսիսային բեւեռում: Այդպիսով, նա դարձել է առաջին մարդը, ով եղել է Հյուսիսային եւ Հարավային բեւեռներում եւ նվաճել է Էվերեստի գագաթը:

Էդմունդ Հիլարին մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի եւ մեծ հարգանքի է արժանացել տասնյակ երկրներում:

Նա մահացել է այսօր առավոտյան 0քլենդի հիմանդանոցում, սրտի կաթվածից: Նոր Զելանդիայից ստացված հաղորդագրության համաձայն, սըր Էդմունդ Հիլարիին հուղարկավորելու են պետական մակարդակով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG