Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. - «Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական մրցակից չեմ համարում»


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախագահի առաջադրված թեկնածու Արտաշես Գեղամյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական մրցակից չի համարում:

Այսօր ավելի վաղ հրավիրած ասուլիսում Հայաստանի նախկին նախագահը եւ գալիք ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածուն հայտարարել է, թե ինքն է «միակ հակադիր ռեալ ուժը իշխանություններին» եւ թե չէր մասնակցի նախագահական ընտրություններին` եթե «ընդդիմությունը, ըստ էության, կորցրած չլիներ իր դերակատարությունը»:

Գեղամյանի արձագանքը այդ հայտարարություններին բավական սուր էր. - «Կարծում եմ, այդ հայտարարությամբ նա ուժգին ապտակ է հասցրել իր[են] սատարող ընդդիմադիր քաղաքական գործիչներին` իրենց զրոյի հավասարեցնելով: Եթե իրենք հանդուրժում են, ապա դա իրենց անձնական գործն է»:

«Ես իմ վրա, բնականաբար, չեմ վերցնում», - շարունակեց «Ազգային միաբանության» առաջնորդը: - «Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական մրցակից չեմ համարում, որովհետեւ արդեն իսկ այս հանդարտ խոհերը ինձ հուշեցին մի բան, որ նա նիրվանայի տակ է եւ դեռ քնից չի արթնացել»:

Արտաշես Գեղամյանի խոսքերով, ընդդիմադիր բոլոր թեկնածուներից «ամենախոցելին», «ամենամերժելին» Լեւոն Տեր-Պետրոսյանն է:

Իսկ «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի համոզմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանությունների «պրոեկտն է»:

«Վերջին երեք ամիսների զարգացումները ակնհայտորեն ապացուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ իշխանությունների հերթական հնարքն է», - հայտարարեց Կարապետյանը:

Արտաշես Գեղամյանը ասաց, որ ծանոթացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրին եւ հավանության է արժանացնում այն, քանի որ այնտեղ շարադրված է իր (Գեղամյանի) գրքում տեղ գտածը` «որոշ անճշտություններով». - «Ասես թե գիրքս ծաղկաքաղ է արված, եւ ինքս ինձ հակասել ես չեմ կարող. այո, ընդունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան խնամքով է մոտեցել ժամանակին իմ կողմից բարձրացված հարցերին»:

Խոսելով իր «Արարմնան ծրագրի» մասին` Գեղամյանը ասաց, թե «գերխնդիրն այն է, որ այս փաստաթուղթը դառնա ժողովրդի սեփականությունը»:

Արտաշես Գեղամյանը նախագահի բոլոր թեկնածուներին հորդորեց կենտրոնանալ միայն ծրագրային դրույթների վրա ու վերջ տալ անձնական վիրավորանքներին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG