Մատչելիության հղումներ

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահ, գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուրբաթ օրը, գրեթե տասնամյա ընդմիջումից հետո հանդիպելով լրագրողների հետ, հայտարարեց, որ 2008 թվականը իր աստեղային ժամն է լինելու:

Պատասխանելով երկարամյա լռության պատճառներին վերաբերող հարցին, նախկին նախագահը ասաց, որ 2003 թվականին էլ իրեն դիմել էին նախագահական ընտրապայքարի մեջ մտնելու խնդրանքով, սակայն ինքը կտրականապես մերժել է դրանք, որովհետեւ 2003-ը իր ժամանակը չէր:

«2003-ը Ստեփան Դեմիրճյանի աստեղային ժամն էր: Ես եթե մտնեի էլ, որեւէ շանս չէի ունենա այդ ընտրություններում հաղթելու համար: Առավել եւս` կխանգարեի Ստեփան Դեմիրճյանին, որը բացարձակապես սխալ կլիներ ե’ւ ինձ համար, ե’ւ իր համար, ե’ւ մեր երկրի համար», - ասաց Տեր-Պետրոսյանը` քիչ անց հավելելով, որ 2008-ն էլ իր աստեղային ժամն է:

Նրա խոսքերով, փաստ է, որ այսօր այս իշխանություններին միակ ռեալ հակադիր ուժը ինքն է:

Շարունակելով պարզաբանել իր 10-ամյա լռությունը խախտելու դրդապատճառները, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց. - «2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի դարձավ, որ ընդդիմությունը կորցրել է քաղաքական գործոնի իր դերը, որ մինչ այդ ուներ»:

Քաղաքական պայքարի մեջ մտնելու հաջորդ շարժառիթը «պարտքը կատարելու պատասխանատվության զգացումն է». - «Սա խղճի հարց չէ: Սա հստակ քաղաքական գիտակցություն է, մանավանդ, նկատի ունենալով, որ ես էլ որոշակի մեղք ունեմ այս վարչախմբի գոյության համար: Վերջին հաշվով, ես եմ այդ մարդկանց հրավիրել Հայաստան»:

Իսկ հարցին, թե ինչ քայլեր է կատարելու նախագահի առաջադրված թեկնածուն, եթե փետրվարի 20-ին «տեսնեն, որ ընտրությունները կեղծվել են», Տեր-Պետրոսյանը արձագանքեց. - «Գիտակցելով իմ իրավունքները, շատ լավ ծանոթ լինելով մեր Սահմանադրությանը, օրենքներին, միջազգային օրենսդրությանը, ես անելու եմ այդ օրենսդրությունից բխող բոլոր քայլերը` երթեր, ցույցեր, պիկետներ, դատավարություններ: Սա է լինելու իմ ճանապարհը»:

Ի պատասխան հարցին, թե նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ո՞ր ելակետից կսկսեք», նախկին նախագահը նախ ասաց, որ Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը մի համակարգ է, որ սկսվել է 1992 թվականից եւ ունեցել է տարբեր աստիճաններ, եւ շարունակեց. - «Այսօր գտնվում է բոլորովին այլ աստիճանի վրա, քան էր 98 թվականին: Այսօր կա մի նոր առաջարկ, գրավոր առաջարկ: Սա, ի դեպ, նորություն է. վերջին գրավոր առաջարկը համանախագահների կողմից եղել է «ընդհանուր պետության» առաջարկը: Դրանից հետո համանախագահները կողմերին որեւէ գրավոր առաջարկ չէին ներկայացրել: Այսինքն` վերականգնվում է նախկին ավանդույթը, արդեն, ինձ թվում է, ավելի լրջացնում է գործընթացը: Ես, բնականաբար, պիտի ծանոթանամ այս վերջին առաջարկին»:

Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ծանոթ է համանախագահների ներկայացրած այդ գրավոր առաջարկին, բայց քանի դեռ պաշտոնապես դրան ծանոթանալու հնարավորություն չի տրվել, որեւէ վերաբերմունք արտահայտելու իրավունք էլ չունի:

«Ըստ էության, դա նույն փուլային տարբերակն է, գումարված ընդամենը մեկ տարր` խոսակցություն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ապագայում` դեռեւս անորոշ ժամանակում... չպարզված հարցով ինչ-որ հանրաքվե, ժողովրդական հարցում կամ պլեբեսցիտ անցկացնելու մասին», - այդուհանդերձ ասաց նա` շարունակելով. - «Ուստի բանակցությունների հիմքը կարող է լինել եթե ոչ այդ առաջարկը, ապա դրա տրամաբանությունը»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ապա, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ հարցը կլուծվի միայն Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից հետո:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG