Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը շեշտադրել է. - «2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված մի շատ սկզբունքային հարց կա։ Ի վերջո, նախագահի պաշտոնը թողնում է մի նախագահ, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, ով 1998 թվականին իշխանության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի շահարկմամբ»։ «Եվ հիմա նա ուղղակի պարտավոր է հանրությանը հաշվետու լինել, թե այս տասը տարվա ընթացքում ի՞նչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպիսի՞ վիճակում է այն ժառանգել եւ ո՞ւր է հասցրել», - գրել է գխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Ի վերջո, մեր ժողովուրդը իրավունք ունի իմանալ, թե 1998 թվականի իշխանափոխությունը ինչքանով է ծառայել Ղարաբաղի եւ Հայաստանի փրկությանը, եւ ընդհանրապես, ծառայե՞լ է, թե՞ ոչ»։

Հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանի «վարչապետ դառնալու առնչությամբ «ոչ ավել, ոչ պակաս շնորհավորել էր անձամբ Ջորջ Բուշը», «Իրավունք»-ի խմբագրականը բխեցրել է. - «Արեւմուտքը, որին տասը տարի ուղղակիորեն մոլորության մեջ է պահել Քոչարյանը, այսօր նույնքան լավատես է Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղի առնչությամբ տված խոստումների նկատմամբ եւ ձիու վրա է պահում նրան։ Վերջինիս արեւմտյան «տուրնեները» միանշանակ այդ մասին են վկայում», - նկատել է խմբագիրն ու հավելել. - «Ղարաբաղյան հիմնախնդիրն ստիպել է թե’ ԱՄՆ-ին, թե’ Ռուսաստանին Հայաստանում խաղալ շատ նուրբ գծի վրա. ամեն րոպե հնարավոր է, որ Արեւմուտքը հիմնովին թեքվի դեպի Լեւոն Տեր-Պետրոսյան, եւ հակառակը։ Նույնը Ռուսաստանը»։ «Ոսկե այս եզրի գոյությունը կպահպանվի ընտրական ողջ ընթացքում՝ սեփական շահերն առաջ տանելու, անհրաժեշտության դեպքում ֆորսմաժորի անցնելու համար։ Այնպես որ՝ Տեր-Պետրոսյանի խաղի ամպլիտուդը եղել եւ մնում է բավականին մեծ», - եզրափակել է խմբագիրը։

«Հայոց Աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը մտավորականության կեցվածքին անդրադառնալով, շեշտադրել է. - «Այսօր մեզանում իշխանությունը ձգում է մտավորականությանը՝ մագնիսի պես: Եվ այդ ձգողականության մեջ ոչ մի միստիկա չկա: Իշխանությունը մեզանում եղել եւ մնում է գլխավոր գործիքը, որի օգնությամբ կարելի է փող վաստակել եւ ընդհանրապես ինչ-որ կերպ դասավորել սեփական գործերը»։ «Ըստ որում», - հավելել է խմբագիրը, - «հենց մտավորականությունն է իշխանության մեջ ընդգրկվելու դեպքում առավել նողկալի պահվածք դրսեւորում, քանի որ իր կրթվածության շնորհիվ հասկանում է կատարվող ամենը եւ, հասկանալով, ոչ մի հարցում իրեն չի սահմանափակում»։

«Առավոտ» թերթն այսօր փոխանցել է, թե «Արմենիա» հեռուստաընկերության բաժնետոմսերի հիմնական սեփականատեր Բագրատ Սարգսյանին ու նրա ընտանիքին պատկանող 75 տոկոսանոց բաժնեմասը վաճառվել է վարչապետ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, որը ներկայումս ղեկավարում է վարչապետի նախընտրական կենտրոնական շտաբի աշխատանքները: «Մնացած 25 տոկոս բաժնեմասը, որն ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանինն էր, չի վաճառվել», - շարունակել է թերթն ու հավելել, որ «հեռուստաընկերությունը վաճառելու շուրջ բանակցությունները սկսեցին վարել հենց այն ժամանակ, երբ Գաֆէսճեանի եւ Սարգսյանների միջեւ տարաձայնություններ առաջացան՝ ներդրումների հետ կապված»: Թերթի աղբյուրների պնդմամբ, «Գաֆէսճեանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել՝ հեռուստաընկերությունն արդիականացնելու համար, սակայն լուրջ արդյունքներ չի տեսել»: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի տնօրեն Գագիկ Մկրտչյանը, սակայն, թերթի հարցին ի պատասխան «կտրականապես հերքել է, որ հեռուստաընկերության սեփականատերերը փոխվել են, ու վստահեցրել, որ «Արմենիա»-ն ծաղկում է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG