Մատչելիության հղումներ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երեկ հրավիրած ասուլիսով հայտարարեց Հայաստանի նախագահի ընտրությունների իր դիտորդական առաքելության մեկնարկը:

Առաքելության ղեկավար, դեսպան Գերտ Արենսի ղեկավարությամբ 11 հիմնական մասնագետներ եւ 28 երկարաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ-ի անդամ 22 պետություններից (իսկ քվեարկությունից առաջ՝ եւս 250 կարճաժամկետ դիտորդներ), կգնահատեն ընտրական գործընթացը:

Առաքելության ղեկավարը իրենց կազմակերպության դիտորդների այսպիսի թվակազմը բավարար գնահատեց ընտրությունները Հայաստանում դիտարկելու համար. - «Մենք բոլորս բաց սրտով ենք եկել այս երկիր, եւ բոլորս էլ հույս ունենք, որ արձանագրելու ենք առաջընթաց՝ ընտրությունը ԵԱՀԿ-ի չափանիշներով անցկացնելու հարցում: Բայցեւ հետեւելու ենք՝ որքանով են դրանք համապատասխանում ԵԱՀԿ-ի չափանիշներին»:

Դեկտեմբերի սկզբին առաքելության նախնական գնահատման այցից հետո հրապարակած զեկույցում կազմակերպությունն արձանագրել էր, որ քաղաքական ուժերի համար զանգվածային լրատվամիջոցների մատչելիության ու այլ պայմանների անհավասարությունը մնում է «լուրջ խնդիր»:

Առաքելության՝ մամուլի հարցերով վերլուծաբան Իվան Գոդարսկիի գնահատմամբ, այդպիսի արձանագրումը ձեւակերպվել է այստեղ տարբեր հանդիպումների ժամանակ իրենց ստացած տեղեկությունները համադրելով, իսկ իրենց իսկ անցկացնելիք՝ լրատվամիջոցների դիտարկումը կսկսեն թերեւս հենց տվյալ օրվանից՝ հետեւելու, թե ինչպես են առաջադրված թեկնածուները ներկայացվում պաշտոնական քարոզարշավն սկսվելուց առաջ եւ հետո:

Հայաստանի նախագահի 2003 թվականի ընտրությունները միջազգային դիտորդները գնահատել էին առաջընթաց քայլ, բայց` չհամապատասխանող եվրոպական չափանիշներին: 1998 թվականի Հայաստանի նախագահի արտահերթ ընտրությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը գնահատել է ԵԱՀԿ-ի չափանիշներին չհամապատասխանող: 1996 թվականի Հայաստանի նախագահի ընտրությունների առիթով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-֊ի եզրակացությունը՝ վկայակոչելով թվային անհամապատասխանությունները եւ խախտումների դեպքերը, կասկածի տակ է առնում ընտրության հանդեպ վստահության ամբողջ գործընթացը եւ պաշտոնական արդյունքը:

Հայաստանի նախագահի 1991 թվականի ընտրությանը կազմակերպությունը դիտորդական առաքելություն չի ունեցել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG