Մատչելիության հղումներ

logo-print
Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ վարած բանակցությունների ավարտին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը, որտեղ նրա հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի էկումենիկ եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի սրբավայրերը բաժանված են քրիստոնեական հնագույն եկեղեցիների` Հայ առաքելական, Հույն ուղղափառ ու Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջեւ: Հայ առաքելական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի նախագահին դիմավորած, տաճարի հայ եկեղեցուն պատկանող մասում ընդունած եւ պարզաբանում տված արքեպիսկոպոս Շիրվանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ջորջ Բուշը աղոթել է Քրիստոսի ծնված քարայրի վրա կառուցված մատուռում:

Արիս սրբազանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ու հայ միաբանության անունից ողջունել է ԱՄՆ-ի նախագահին եւ համառոտ ներկայացրել Հայ եկեղեցու պատմությունը:

«Նախագահը հետաքրքրություն ցուցաբերեց` մանավանդ, երբ իմացավ, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը», - ասաց Շիրվանյանը` շարունակելով. - «Ասացի, թե շատ եմ խնդրում, որ Ձեր նախագահության ժամկետի ավարտից առաջ բարեհաճեիք վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ասոր վրա նա ասաց, թե այդ մասին խոսել է Թուրքիայի նախագահի հետ եւ այդ մասին կրկին մտածում է: Ինձ եւ մեր միաբանության համար սա շատ կարեւոր արձանագրություն է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG