Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը Բեթղեհեմում այցելել է Սուրբ Ծննդյան տաճար


Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ վարած բանակցությունների ավարտին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը, որտեղ նրա հետ զրույցում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի էկունեմիկ եւ արտաքին հարաբերությունների պատասխանատու Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը:

Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի սրբավայրերը բաժանված են քրիստոնեական հնագույն եկեղեցիների` Հայ Առաքելական, Հույն Ուղղափառ ու Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջեւ: Հայ Առաքելական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի նախագահին դիմավորած, տաճարի հայ եկեղեցուն պատկանող մասում ընդունած եւ պարզաբանում է տված արքեպիսկոպոս Շիրվանյանը
«Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ջորջ Բուշը աղոթել է Քրիստոսի ծնված քարայրի վրա կառուցված մատուռում:

Արիս Սրբազանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի ու հայ միաբանության անունից ողջունել է ԱՄՆ-ի նախագահին եւ համառոտ ներկայացրել Հայ եկեղեցու պատմությունը:

«Նախագահը հետաքրքրույթուն ցուցաբերեց` մանավանդ, երբ իմացավ, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը», - ասաց Շիրվանյանը` շարունակելով. - «Ասացի թե, շատ եմ խնդրում, որ Ձեր նախագահության ժամկետի ավարտից առաջ բարեհաճեիք վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ասոր վրա նա ասաց, թե այդ մասին խոսել է Թուրքիայի նապագահի հետ եւ այդ մասին կրկին մտածում է: Ինձ եւ մեր միաբանության համար սա շատ կարեւոր արձանագրություն է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG