Մատչելիության հղումներ

Վախճանվել է Մանուկ Գասպարյանը


Այսօր առավոտյան, կյանքի 59-֊րդ տարում հանկարծամահ է եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: Նախնական, ոչ պաշտոնական վարկածով` մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է. նա երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել:

Մանուկ Գասպարյանը Ազգային Ժողովի նախորդ երկու գումարումների՝ մեծամասնականով ընտրված անկախ պատգամավոր է եղել: Խորհրդարանի 2007 թվականի ընտրություններում նրա գլխավորած ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու 5 տոկոսի արգելանքը: Վերջերս Գասպարյանը նշանակվել էր ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Երեւանի Քանաքեռ-֊Զեյթունի նախընտրական շտաբի պետ:

«Դադարեց բաբախելուց մի մարդու սիրտ, ով անմնացորդ` մինչեւ կյանքի վերջին վայրկյանը, պայքարեց ստի, կեղծիքի, երեսպաշտության, անարդարությունների, չարի ու անօրինականության դեմ, մեծ հույս տածելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջապես կհաղթանակի ժողովրդավարությունը, կհաղթի բարին, եւ մարդկանց դեմքերին կրկին կթագավորի ժպիտն ու արժանապատվությունը», ֊- գուժում է «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը:

«ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամները ցնցված են հանկարծահաս բոթից: Մենք սգում ենք քաղաքական գործչի, քաղաքացու, ընտանիքի օրինավոր հոր, մեր զինակցի մահը», - ասված է Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակի հաղորդագրությունում:

«Ցավակցում եմ Մանուկ Գասպարյանի հարազատներին ու մտերիմներին, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամներին` ծանր կորստի կապակցությամբ», - ասված է Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ցավակցական հեռագրում:

«Մենք կորցրեցինք հզոր քաղաքական եւ անկոտրում հասարակական գործչի», - ասված է Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրությունում: - «Հուսով ենք վկան լինել Մանուկ Գասպարյանի գաղափարների եւ գաղափարների եւ երազանքների նյութականացմանը` ժողովրդավարական. լուսավոր, հզոր ապագա Հայաստանում»:

«Կյանքից հեռացավ ժողովրդի հոգսերով ապրող մի մարդ, ում կյանքն անվերջ, անմնացորդ նվիրումի իսկական օրինակ էր: Նրա խառնվածքին հատուկ էին սկզբունքայնությունը, քաղաքացիական արիությունը եւ անարդարությունների դեմ պայքարի անկոտրում ոգին», - ասված է «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ցավակցական հեռագրում:

Մանուկ Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 11֊-ին, հուղարկավորությունը` հունվարի 12֊-ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG