Մատչելիության հղումներ

«Օսկար»-ի շնորհման արարողությունը` վտանգի տա՞կ


Չի բացառվում, որ հոլիվուդյան սցենարիստների` մոտ երկու ամիս շարունակվող գործադուլի պատճառով չկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որը նախատեսված է փետրվարի 24-ին:

Հոնորարների բարձրացում եւ հեղինակային իրավունքի արդյունավետ պաշտպանություն պահանջող սցենարիստները խոստանում են լիովին կաթվածահար անել ամերիկյան կինո- եւ հեռուստաարդյունաբերությունը, եթե իրենց պահանջները չբավարարվեն մոտ ապագայում:

Սցենարիստների եւ պրոդյուսերների պայքարում առաջին «զոհը» դարձավ հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակը, որն ամեն տարի շնորհում է Հոլիվուդում աշխատող օտարեկրյա լրագրողների ընկերակցությունը:

Հունվարի 13-ին Lոս Անջելեսում նախատեսված մեծ շոուի ընթացքում արդեն 65-րդ անգամ Հոլիվուդի առաջատար կինոքննադատները անվանելու էին 2007 թվականի ամերիկյան կինոյի առավել հաջողված ֆիլմերն ու ամենից շատ աչքի ընկած կինոգործիչների անունները: Այս տարի, սակայն, «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչները ստիպված են բավարարվել մամուլի ասուլիսով. սցենարիստները խոստացել էին արգելափակել այն դահլիճի բոլոր մուտքերը, որտեղ նախատեսված էր «Ոսկե գլոբուս»-ի հանձնման արարողությունը:

«Չեմ կարծում, որ մրցանակի արժանացած դերասանները ցանկանան պիկետները ճեղքելով մտնել դահլիճ», - հայտարարել է Սցենարիստների գիլդիայի ղեկավար Ալան Ռոզենբերգը:

Հոլիվուդյան մասնագիտական մեկ այլ կազմակերպություն` Ռեժիսորների գիլդիան պատրաստվում է շրջանցել գործադուլի պատճառած անհարմարությունները եւ չնայած ստեղծված կացությանը` այսօր հայտարարելու է 2007-ին առավել աչքի ընկած 5 ռեժիսորների անունները: Տարվա լավագույն բեմադրիչի տիտղոսին հավակնում են հոլիվուդյան այնպիսի հեղինակավոր դեմքեր, ինչպիսին, օրինակ, Շոն Փենն ու Քոեն եղբայրներն են:

Հոլիվուդյան ճգնաժամի ֆոնին, սակայն, շահեկան վիճակում է հայտնվել ամենահեղինակավոր եվրոպական կինոմրցանակներից մեկը` BAFTA-ն: Բրիտանական «Օսկար»-ի համարում ունեցող այս մրցանակաբաշխության պատասխանատուն` Lոնդոնում տեղակայված Կինո- եւ հեռուստաարվեստի ակադեմիան երեկ հրապարակել է մի շարք անվանակարգերում հաջողության ամենահավանական թեկնածուների անունները:

Մասնավորապես, «Lավագույն սկսնակ դերասան» տիտղոսի համար առաջադրվել են բրիտանական կինոյի ամենաակնառու երիտասարդ աստղերից մեկը` Սթիվեն Ռեյլին եւ Չինաստանը ներկայացնող դերասանուհի Տանգ Վեյը: Վերջինս այդ պատվին է արժանացել Էնգ Lիի «Կիրքը» ֆիլմում կոմունիստ լրտեսուհու կերպարը մարմնավորելու համար: Բրիտանական կինոակադեմիան այս ժապավենը եւս առաջադրել է BAFTA մրցանակի` «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:

Չինական կինոնկարի հետ նույն անվանակարգում կմրցեն ամերիկյան «Քամու հետեւից վազողները» ֆիլմը, որի գլխավոր հերոսներն են աֆղանցի դեռահասները, Արեւելյան Գերմանիայի հատուկ ծառայությունների մասին պատմող «Ուրիշների կյանքը» կինոնկարը եւ Էդիտ Պիաֆին նվիրված «Կյանքը` վարդագույն երանգով» ֆիլմը:

Բրիտանական «Օսկար»-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հաղթողը կարող է որոշվել նաեւ SMS քվեարկությամբ եւ Ինտերնետում անցկացվող հարցման արդյունքների հիման վրա:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG