Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «ԿԸՀ նախագահը հերքում է» վերնագրի ներքո գրում է. - «Առավոտ»-ի աղբյուրները երեկ հավաստիացնում էին, թե գործող իշխանության վերին օղակներից ԿԸՀ-ին հրահանգվել է հարմար փաստարկներ գտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` որպես ՀՀ նախագահի թեկնածուի, չգրանցելու համար: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, սակայն, «Առավոտ»-ի հարցադրմանն ի պատասխան պաշտոնապես հայտարարեց, որ առաջադրման հայտ ներկայացրած բոլոր 9 թեկնածուներն էլ անպայմանորեն գրանցվելու են: Իսկ ինչ վերաբերում է թեկնածուների կողմից ԿԸՀ-ին ներկայացված ինչ-ինչ փաստաթղթերում թերությունների հնարավորությանը, ապա, ըստ պարոն Ազարյանի, նման դեպքերում օրենքով սահմանված կարգով թեկնածուին տրվում է 48 ժամ` փաստաթղթերում ճշգրտումներ անելու համար»: Այդուհանդերձ, ԿԸՀ նախագահը եւս մեկ անգամ երաշխավորել է, որ որեւէ թեկնածու գրանցման մերժում չի ստանալու:

Քաղաքագետ Դավիթ Բաբայանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ղարաբաղյան կարգավորման թեմային անդրադառնալով շեշտադրել է. - «Ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական իրադարձությունները Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որեւէ կերպ չեն նպաստում կողմերին ներկայացված փաթեթի շուտափույթ համաձայնեցմանը։ Այս դեպքում լավագույն բանը, որ համանախագահները կարող են անել՝ բանակցային գործընթացը ինչ-որ ձեւով ակտիվ վիճակում պահելն է։ Անգամ այդ պարագայում հիմնական շեշտը պետք է դրվի ոչ թե մինչեւ ընտրությունները ինչ-որ քայլեր ձեռնարկելու, այլ բանակցություններն իրենց իրական եւ իրատեսական ձեւաչափին վերադարձնելու վրա. ա՛յն ձեւաչափին, որտեղ կմասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը որպես լիարժեք բանակցային կողմ»։

Հետահայաց գնահատելով վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերը Հայաստանի քաղաքական գործընթացներում, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Եթե Անդրանիկ Մարգարյանը հայաստանցիների ընդվզումից պաշտպանում էր ղարաբաղյան կլանը, նույնպես եւ՝ հայաստանցիներին էր պաշտպանում ղարաբաղյան կլանից։ Ու եթե հիմա ղարաբաղյան կլանը փորձում է առանձնապես ագրեսիվ չլինել, դրա պատճառն ընդամենը այն է, որ առջեւում նախագահական ընտրություններն են, եւ հայաստանյան ռեսուրսը դեռ պետք է՝ Սարգսյանին նախագահ, իսկ Քոչարյանին վարչապետ կարգելու համար»։ «Այս կետից հետո, ահա, սկսվելու է այն, ինչ մտմտում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Բաբայանը», - եզրափակում է խմբագրականը։

«Հայք»-ի մեկնաբանը փոխանցել է. - «Համառորեն շրջող լուրերի համաձայն, իշխանությունները վերջնականապես որոշել են չհրաժարվել ընտրակեղծիքներից եւ որոշել են շեշտը դնել թվանկարչության վրա։ Այստեղ, սակայն, մի խնդիր կա, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը Սերժ Սարգսյանին ակնարկել է, թե այս անգամ հնարավոր չի լինի հրապարակել ինչ-որ թվեր եւ հեշտությամբ մարսել դրանք: Փաստորեն, Ազարյանն ակնարկել է, որ ինքն այնքան էլ պատրաստ չէ փետրվարի 19-ի լույս 20-ի գիշերը ընթերցել Սերժ Սարգսյանի նկարած թվերը։ Գործող վարչապետի տրամադրությունը չեն բարձրացնում նաեւ թաղապետերը, թաղային հեղինակությունները եւ որոշ գործարարներ։ Նրանք հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել ամբողջ ընտրատարածքների համար։ Լավագույն դեպքում նրանք խոստանում են Սարգսյանին «աջակցել» առանձին վերցրած ընտրատեղամասում»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը, պնդելով, որ դեռեւս ամանորից առաջ «Օրինաց երկեիր» կուսակցութան (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանին, եւ նրա նախընտրական ծրագրում «որոշակի դերակատարում» ունենալու դիմաց պահանջել վարչապետի պաշտոնը, առանձնացրել է. - «Դժվար է ասել, ի՞նչ պայմանավորվածության են եկել նախագահի այս երկու թեկնածուները եւ արդյո՞ք Բադասարյանը լրացնելու է խաբված վարչապետացուների երկար ցուցակը, սակայն, փաստ է, որ այս հանդիպումից հետո Արթուր Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ի քաղաքական վարքագծում տեղի է ունեցել կտրուկ փոփոխություն»։ «ՕԵԿ-ը, որ մինչ այդ աչքի էր ընկնում իր պասիվությամբ եւ անորոշ քաղաքական կեցվածքով, միանգամից ակտիվացավ եւ ձեռք բերեց հստակ ընդդիմադիր երանգավորում», - որակել է մեկնաբանն ու բխեցրել. - «Բաղդասարյանը հավանաբար համաձայնել է որոշակի դերակատարում ստանձնել Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության մեջ, այսինքին՝ պետք է փորձի հասարակությանը ապացուցել, որ միակ ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ, որ միայն նա չէ, որ կարող է համակիրներ ունենալ, որ ինքն էլ կարող է հրավիրել հանրահավաքներ, եւ հնարավոր է, որ իր հանրահավաքները լինեն ավելի բազմամարդ, քան նրանք, որ հրավիրում է ՏերՊետրոսյանը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG