Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Վատ ընտրությունները բացասական հետեւանքներ կունենան»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնարկած 2008 թվականին «առանցքայինը» համարելով նախագահական ընտրությունները, ասաց, որ դրանք «ավելի մեծ ազդեցություն են ունենալու» Հայաստանի միջազգային հեղինակության եւ երկրի արտաքին քաղաքականության արդյունավետության վրա:

Նախարարի համոզմամբ, երկրի արտաքին քաղաքականության արդյունավետության վրա դրական ազդեցություն ունեցան 2007-ի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց տրված միջազգային գնահատականները: Դա, Օսկանյանի խոսքերով, էապես բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում եւ նպաստեց Հայաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականության արդյունավետ կիրառմանը:

«Այս [նախագահական] ընտրությունները ավելի մեծ ազդեցություն են ունենալու. եթե լավ ենք անցկացնում` միանշանակորեն մեր դիրքերը ամրագրվում են միջազգային ասպարեզում, եթե վատ ընտրություններ ենք անցկացնում` միանշանակորեն կարող եմ ասել, որ բացասական հետեւանքներ է ունենալու, եւ Հայաստանը այն հեղինակությունը, որ ձեռք էր բերել հատկապես 2007-ի ընթացքում, կորցնելու է, եւ դա բացասական ազդեցություն է ունենալու մեր արտաքին քաղաքականության վրա», - լրագրողներին երեկ ասաց Վարդան Օսկանյանը:

Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է ամեն բան անի ընտրությունների ընթացքում որեւէ բռնության հնարավորությունն իսկ բացառելու համար. - «Ժողովուրդը, ես կարծում եմ, շատ ուժեղ ձեւով նախապես հստակ կդարձնի բոլորի համար, որ դա միջոց պետք չէ լինի ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու համար»:

«Որովհետեւ ես իսկապես այն տպավորության տակ եմ` ոչ միայն տպավորություն, այլ նաեւ տարբեր մարդկանց հետ իմ խոսակցության արդյունքում, որ դեռեւս անկայունության միջոցով ինչ-որ քաղաքական խնդիրներ լուծելու հարցը որոշ քաղաքական ուժերի օրակարգի վրա կա», - հավելեց արտգործնախարարը` առանց մանրամասնելու:

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախագահի առաջադրված թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող մասը, Վարդան Օսկանյանը ասաց. - «Ես ակնկալում էի իր ծրագրում ինչ-որ նոր մտքեր, հետաքրքրական մտքեր, առաջարկություններ... Հուսախաբված եմ, նույնիսկ նորության նշույլ չկա»:

Գալիք փետրվարին սումգայիթյան ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ արտգործնախարարը ասաց. - «Հենց Սումգայիթի այս 20-ամյակի նշումը ամրագրելու է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգային ընկալման մեջ, որովհետեւ հիմնավորելով ինքնորոշման այդ պահանջը Սումգայիթի օրինակի վրա, միանշանակ է դառնում արդեն բոլորին, որ վերադառնալ ստատուս քվոյին (88 թվականի) ուղղակի անհնարին է: Ադրբեջանը պետք է մոռանա դրա մասին»:

Խոսելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի մասին, Օսկանյանը ասաց, որ մինչեւ հիմա այցի միայն նախնական ժամկետներն էին հայտնել Հայաստանին, իսկ այժմ շրջանառվող ժամկետները` հունվարի 13-14-ը, Հայաստանի համար «հարմար չեն». - «Հիմա Բաքու կայցելեն, կվերադառնան իրենց երկրները, հետո կգան Հայաստան, կամ կգան Ղարաբաղ, կգնան... Չգիտեմ ինչ կանեն»:

«Մեզ համար այդ թվականները իսկապես հարմար չեն», - եզրափակեց Վարդան Օսկանյանը` առանց մանրամասնելու: - «Մենք իրենց հետ կապի մեջ ենք: Կփորձենք կարգավորել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG