Մատչելիության հղումներ

Նախագահի առաջադրված թեկնածու, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը իրեն համարում է «միակ այլընտրանքային թեկնածուն», քանի որ «երբեւէ չի եղել իշխանության մեջ»:

Լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Կարապետյանը ասաց, որ իր նախընտրական ծրագիրը ներկայումս տպագրման փուլում է:

«Եթե ես դառնամ նախագահ, անպայման մի քանի հաստատուն բաներ միանգամից կիրառվելու են, որոնցից մեկը իշխանական թեւերի տարանջատում, իրենց մեջ մրցակցություն, որը այսօր առկա չէ: Կաշառակերության դեմ իրականում պայքար, ոչ թե ձեւական, եւ այլն, եւ այլն», - հայտարարեց Կարապետյանը:

Ժողովրդական կուսակցության նախագահը մրցակից է համարում մյուս բոլոր 8 թեկնածուներին. - «Չի կարելի վիրավորել եւ ասել, թե որեւէ մեկը մրցակից չէ: Յուրաքանչյուրը ունի որոշակիորեն իր ընտրազանգվածը»:

Տիգրան Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին միասնական թեկնածու չի համարում:

«Այն մարդիկ, որոնք համարում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասենք, Արեւմուտքի աջակցություն ունի, ես այդպես չեմ մտածում: Ոչ էլ մտածում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համընդհանուր թեկնածու է... Դա մի քիչ էլ վիրավորական է, երբ համարում են, որ իբրեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը միացյալ թեկնածու է», - փաստարկեց նա:

Կարապետյանի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ընտրազանգվածը «բողոքական զանգվածն է», իսկ իրեն ձայն տվողները, իր ձեւակերպմամբ` «քրիստոնյա պահպանողականներն են», ովքեր առճակատման չեն գնալու:

«Ծայրահեղ էլելտորատը հակված է ռեւանշի եւ վճռական քայլերի, իմ ընտրազանգվածը հակված է դեպի արդարություն», - հայտարարեց նա` հավելելով, որ, եթե ընտրություններն արդար չանցնեն, իրենց կբողոքեն:

Այդուհանդերձ, նրա կարծիքով, բողոքելու անհրաժեշտություն չի լինի. - «Իշխանությունը կձգտի մաքսիմալ թափանցիկ լինել, զերծ մնալ կոպիտ խախտումներից»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG