Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Երկրում գործում է կառավարման կոռուպցիոն համակարգ»


Փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում ինքնառաջադրված թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով, Հայաստանում «այսօր ունենք կառավարման կոռուպցիոն համակարգ»:

«Քանի գործում է այդ համակարգը, մեր կյանքի բոլոր ոլորտներում համապատասխան ձեւախեղումները թե’ լինելու են, թե’ խորանալու են», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Մելիքյանը: - «Կոռուպցիոն կառավարման համակարգը թույլ չի տալիս օրենքի շրջանակներում գործել ոչ մեկին` ո’չ իշխանություններին, ո’չ հասարակական կազմակերպություններին, ո’չ տնտեսվարող սուբյեկտներին, ո’չ էլ քաղաքացիներին»:

«Սա է, որ պետք է արմատախիլ արվի, եւ դա երկրի ղեկավարի, երկրի սահմանադրական կարգի երաշխավորի խնդիրն է», - շարունակեց Մելիքյանը: - «Դա նրա ռազմավարական որոշման խնդիրն է: Մինչեւ նա այդ ռազմավարական որոշումը չկայացրեց, պետական կառավարման համակարգը ի զորու չի լինի վերափոխվելու»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ նախագահի թեկնածուն առաջարկում է համակարգային փոփոխություններ, Արման Մելիքյանը պատասխանեց, թե համակարգային փոփոխությունը բխելու է հենց կոռուպցիոն համակարգի վերացումից. - «Կոռուպցիոն համակարգի վերացումը բերելու է համակարգային փոփոխությունների` ըստ ոլորտների, ըստ տարբեր ուղղությունների: Վերջին հաշվով, այդ փոփոխությունը հանգեցնելու է նաեւ հասարակության ներգրավվածությանը պետության կառուցման գործում: Ըստ այդ մոտեցման, ցանկացած քաղաքացի պատասխանատու է լինելու երկրում տեղի ունեցած ամեն ինչի համար»:

Մելիքյանը տեղեկացրեց, որ իր նախընտրական ծրագիրը ընտրողների դատին կներկայացնի պաշտոնական քարոզարշավի մեկնարկին: Այդուհանդերձ, այսօր հնչեցրեց երկու կարեւոր դրույթ` Ղարաբաղյան կարգավորման եւ արդեն նշված կոռուպցիան համակարգի փոփոխության վերաբերյալ:

«Ես դեմ եմ ազատագրված տարածքների շուրջ որեւէ խոսակցությունների», - ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդականը: - «Հայաստանը այդ մասին չպետք է խոսի: Այդ տարածքները պետք է դառնան ադրբեջանահայության սեփականությունը, դրանով նրանք պիտի ստանան իրենց կրած վնասների փոխհատուցումը»:

Ինչ վերաբերում է կառավարման կոռուպցիոն համակարգի փոփոխությանը, ապա, ըստ Արմեն Մելիքյանի, դրա համար հանրապետության առաջին դեմքը պետք է կայացնի քաղաքական որոշում: Նրա փաստարկմամբ, իրավական որոշումներ այսօր էլ կայացվում են, բայց դրանք «այլեւս անօգուտ են»:

«Որովհետեւ այն համակարգը, որը պիտի ապահովի իրավական որոշումների կատարումը, չի գործում այդ առումով», - ասաց նա: - «Սա քաղաքական որոշման խնդիր է. կլինի քաղաքական որոշումը` մեխանիզմները կան»:

Արման Մելիքյանին մտահոգում է նաեւ այն, որ արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիները զրկված են ընտրելու իրավունքից, քանի որ ընտրատեղամասեր բացվելու են միայն Հայաստանում: Նրա ընկալմամբ, դա ոչ միայն սահմանադրական իրավունքի խախտում է, այլեւ «լուրջ վտանգ է, որը սպառնում է ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքների տեսանկյունից»:

Մելիքյանը կոչ արեց Հայաստանի իշխանություններին վերանայել այդ որոշումը:

«Վստահեցնում եմ, որ եթե մոտակա օրերի ընթացքում այս առումով տեղաշարժեր չլինեն, ես ուղղակի կդիմեմ Սահմանադրական դատարան», - եզրափակեց նա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG