Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի փորձագետները` Հայաստանի նախագահական ընտրությունների մասին


«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Վրեմյա սվոբոդի» հաղորդմանը մասնակցած փորձագետներն ու վերլուծաբանները անդրադարձել են նախընտրական Հայաստանին:

Քաղաքական եւ ռազմական հետազոտությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը նշել է, որ Հայաստանի ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձնական լավ հարաբերություններ ունի: Երկու երկրների փոխհարաբերությունները նաեւ ռազմավարական բնույթ ունեն, ինչը նրանք բազմիցս ցուցադրել են: Դրանք շարունակելու համար պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրվելը նախագահ Ռուսաստանի համար լավ քայլ կլինի: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարվում է արեւմտամետ` ոչ միայն եւ ոչ այնքան պաշտոնական հայտարարություններում, որքան մերձկրեմլյան քաղաքագետների մեկնաբանություններում:

Հասարակական ծրագրման ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Ռագոժկինի կարծիքով` Սերժ Սարգսյանը բավական լավ շանսեր ունի. - «Այդ երկրում մենք ոչ ֆորմալ բավականին ազդեցություն ունենք եւ կարող ենք աջակցություն ցուցաբերել, սովորականի պես` ոչ ցուցադրական մեթոդներով: Նախընտրած թեկնածուն կա: Հավանաբար, նա կհաղթի: Եթե ինչ-որ բան պետք է անել նրա հաղթանակի համար, հավանաբար, դա արվում է»:

Հետխորհրդային տարածքում հասարակական - քաղաքական գործընթացներն ուսումնասիրող տեղեկատվական - վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Վլասովը, անդրադառնալով ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումներին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը ինտրիգ է մտցրել նախագահական ընտրապայքարում, հակադարձել է. - «Իրականում դա մտացածին ինտրիգ է բոլոր դասավորությունների դեպքում, միեւնույն է` հանրային մեծ աջակցություն նա չի կարող ստանալ: Այն կլանը, կամ էլիտայի այն մասը, որը հիմա կազմում է իշխանություն, մոտակա, տեսանելի ապագայում իշխանությունը կպահի իր ձեռքում»:

Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանին չի կարելի հակառուսական գործիչ համարել: «Ինձ թվում է, նման թեզը քննադատության չի դիմանում, որովհետեւ ե’ւ Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման, ե’ւ ռազմական համագործակցության, ե’ւ սահմանապահ համագործակցության համաձայնագրերը ստորագրվել են հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում: Իմ կարծիքով` Հայաստանի նախագահական ընտրությունների թեկնածուներից յուրաքանյուրը ո’չ ռուսամետ է, ո’չ արեւմտամետ, այլ առաջին հերթին` հայամետ: Հավանաբար, սա այն ճշմարտությունն է, որ Ռուսաստանը պետք է շատ հստակ իմանա»:

«Ինձ թվում է, որ փետրվարին կայանալիք ընտրությունների ժամանակ Ռուսաստանին չպետք հիշեցվի ուկրաինական սցենարը, երբ մենք պաշտպանում էինք միայն Յանուկովիչին: Lեւոն Տեր-Պետրոսյանը լիովին ռուսամետ թեկնածու է: Մոսկվան առնվազն պետք է նորմալ եւ քաղաքակիրթ երկխոսություն վարի նրա հետ եւ ոչ թե փորձի ասել, թե ռուսամետ թեկնածուն միայն մեկն է` Սարգսյանը», - ընդգծել է Մարկեդոնովը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG