Մատչելիության հղումներ

Տնտեսական աճն աշխարհում 2008 թվականին կազմելու է 3.3 տոկոս` վկայում են Համաշխարհային բանկի փորձագետները: Միաժամանակ, Համաշխարհային բանկի զեկույցն արձանագրում է, որ տնտեսական աճի տեմպերը նվազում են. եթե 2006 թվականին այն կազմում էր մոտ 4 տոկոս, ապա 2007-ին նվազել է մինչեւ 3.6 տոկոս:

Ըստ զեկույցի հեղինակների, այս տարի համաշխարհային տնտեսության գլխավոր ռիսկերը կրկին կենտրոնացած են լինելու Միացյալ Նահանգներում:

«Թուլացող դոլարը, գործարար ակտիվության անկումն ու ամերիկյան ֆինանսական շուկաներում տիրող անկայունությունը կարող են լրջորեն վտանգել տնտեսական աճի տեմպերը աշխարհում, նախեւառաջ` զարգացող պետություններում», - պնդում են Համաշխարհային բանկի մասնագետները, ըստ որոնց` դա կարող է ճակատագրական դեր խաղալ համաշխարհային ողջ տնտեսության համար, քանի որ հենց զարգացող երկրներում արձանագրվող աճն է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժ հանդիսանում:

«Ամերիկյան արժույթի փոխարժեքի անկումը բերում է ռիսկայնության աճի, ինչն էլ, իր հերթին, նվազեցնում է զարգացող պետություններից արտահանվող ապրանքների դիմաց ստացվող գումարների ծավալը, կրճատում ներդրումների ընդհանուր չափը` ի վերջո հանգեցնելով արտասահմանում դոլարային ներդրումների արժեքի անկմանը: Ընդհանրապես, Միացյալ Նահանգներում արձանագրվող տնտեսական ցուցանիշները, նախեւառաջ, հարվածում են զարգացող պետություններին, այլ ոչ թե տնտեսապես զարգացած երկրներին», - նշում են Համաշխարհային բանկում պատրաստված զեկույցի հեղինակները:

Նրանցից մեկը` Հանս Թիմերը, մեկնաբանելով համաշխահային տնտեսությունում ստեղծված կացությունը, նշում է, որ ի տարբերութուն զարգացող պետությունների` ամերիկյան տնտեսական համակարգը առայժմ շահում է դոլարի փոխարժեքի անկումից. - «Էժան դոլարի առկայության պայմաններում ԱՄՆ-ից արտահանման ծավալները արագորեն աճում են, ինչը հնարավորություն է տալիս ամերիկացիներին կրճատել բյուջետային դեֆիցիտը»:

Զեկույցում նաեւ կանխատեսումներ կան ըստ տարածաշրջանների ու պետությունների: Համաձայն դրանց` այս տարի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշով առաջատարը լինելու է Չինաստանը` 11 տոկոս: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետություններում ՀՆԱ-ն լինելու է մոտ 7 տոկոս:

Ըստ զեկույցի` Իրանում տնտեսական աճը 2008 թվականին կկազմի 5, Թուրքիայում` մոտ 5.5 տոկոս:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG