Մատչելիության հղումներ

Որոշ թեկնածուների կողմնակիցները դեմ են exit poll-ին հայաստանյան ընկերությունների մասնակցությանը


Ինչպես հայտնի է, Միացյալ Նահանգները առաջարկել է փետրվարի 19-ի քվեարկության ընթացքում անցկացնել exit poll, եւ Հայաստանի վարչապետ, նախագահի առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը ողջունել է նման քայլը: Մինչդեռ, նրա առնվազն երեք մրցակիցների թիմերի ներկայացուցիչներ այս նախաձեռնությանը չհավատալու մասին են խոսել «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցներում` նկատի ունենալով, որ exit poll-ն էլ կարող է անցկացվել Գելափի մասնակցությամբ, որը, իր հերթին, հարցումներին մասնակից է դարձնում Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիային:

Այսպես, առաջադրված թեկնածու, երկրի նախկին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանն ասել է. - «Մենք չենք հավատում Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիային. եթե Սերժ Սարգսյանը համապատասխան կարգադրություն անի, exit poll-ի արդյունքները կլինեն նույնը, ինչ իշխանությունները փորձելու են խախտումների միջոցով ստանալ քվեարկության օրը»:

«Ավելի ճիշտ կլիներ, որ ամերիկացիներն իրենք անցկացնեին exit poll-ը, քան Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի միջոցով, որի անաչառությունն ու պրոֆեսիոնալիզմը մեզ քաջ հայտնի է», - ասել է Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրած Դաշնակցության Գերագույն մարմնի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, նախագահի առաջադրված թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի խոսերով, exit poll-ը արժեք կունենա, եթե «այն հայաստանյան որեւէ ընկերության մասնակցությամբ չանցկացվի». - «Մենք չենք կարող դրանց հավատ ընծայել, եթե անցկացվել են միեւնույն ֆորմատով, ինչ նախորդ հարցումները»:

ՀՀԿ-ի խոսնակ Էդվարդ Շարմազանովը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին այս առիթով ասել է. - «Ձեր մյուս զրուցակիցները շատ լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան իրենց թեկնածուներինը: Եվ չեմ կարծում, որ ամերիկացիները նման գործը կարող են ոչ պրոֆեսիոնալների վստահել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG