Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ, առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստան հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի համար ընտրվել է «Առա'ջ, Հայաստան» կարգախոսը:

«Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի կազմակերպչական աշխատանքները գրեթե ավարտված են, ավարտական փուլում են. ե’ւ կագախոսը կա, ե’ւ ծրագրային դրույթները», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: - «Կուսակցության թեկնածու, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի կարգախոսը կլինի 2008 թվականի նախագահական ընտրություններին «Առա'ջ, Հայաստան»:

Շարմազանովի փոխանցմամբ` «բացված է» նախընտրական հիմնադրամը, եւ` «օրենքին համապատասխան, մենք կիրականացնենք այն բոլոր գործառույթները, որոնք համաձայն են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»:

Էդուարդ Շարմազանովը ասաց նաեւ, որ նախընտրական ծրագրային դրույթները «ավարտական փուլում են», հանրությանը կներկայացվեն «մոտ ժամանակներս»:

Շարմազանովի «խորին համոզմամբ», հնարավորությունը շատ մեծ է, որ իշխանությունների թեկնածուն, կոնկրետ` Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, հաղթի առաջին փուլում:

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի (որը կտեղակայվի ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակում) ղեկավարը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG