Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբի ղեկավարը Սամվել Շահինյանն է


Երկուշաբթի օրը Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) գրասենյակում տեղի է ունեցել հինգ քաղաքական կուսակցությունների` «Ազգային ժողովրդավարական կուսակցություն», «Ազգային ժողովրդավարների դաշինք», «Ազգային պետություն», «Ազգային ժողովրդավարական միություն» եւ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի «նախընտրական ծրագրի եւ շտաբի կազմավորման հետ կապված որոշ հարցեր»։

Ինչպես տեղեկացնում է ԱԺՄ-ի լրատվական ծառայությունը, ստեղծվել է հինգ կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած քաղաքական խորհուրդ, ինչպես նաեւ ընտրվել է նախընտրական շտաբի պետ։

Վազգեն Մանուկյանի շտաբը ղեկավարելու է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը, ով «ունենալու է հինգ տեղակալներ այն բոլոր կուսակցություններից, որոնք այս պահին արդեն հայտարարել են Մանուկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին»։

«Քաղաքական խորհուրդը կարող է համալրվել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներով, որոնք կհայտարարեն Մանուկյանին պաշտպանելու իրենց մտադրության մասին», - ասված է ԱԺՄ-ի լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG