Մատչելիության հղումներ

Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի հարաբերություններն այս տարի կսրվեն


Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ, 2008 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում առկա տարաձայնություններն է'լ ավելի կխորանան, ինչի մասին վկայում են անցած տարեվերջին արված հայտարարությունները:

Դեկտեմբերի 26-ին` ԵԱՀԿ-ի նախագահությունը Իսպանիայից Ֆինլանդիային փոխանցելուց ընդամենը մի քանի օր առաջ, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ Մոսկվան կրճատում է ԵԱՀԿ-ին փոխանցվող վճարումները: Միաժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ-ն մերժում է Ռուսաստանի առաջարկությունները:

ԵԱՀԿ-ի անցած տարվա բյուջեն կազմել է 168 միլիոն եվրո, Մոսկվան վճարում է դրա 6 տոկոսը: Վերլուծաբանների համոզմամբ, ակնհայտ է, որ ռուսական կողմի այդ «դեմարշն» ունի ոչ այնքան ֆինանսական, որքան քաղաքական ենթատեքստ:

«Ցանկացած երկրի ներդրում` լինի դա Սան Մարինոն, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ կարեւոր է, որովհետեւ այն վկայում է կազմակերպությանն աջակցելու մասին: Ռուսաստանի վճարումը ֆինանսական առումով կարեւոր է, սակայն ոչ պակաս կարեւորություն ունի նաեւ հարցի խորհրդանշական իմաստը», - ասել է ԵԱՀԿ-ի մամլո քարտուղար Մարտին Նեսիրսկին:

ԵԱՀԿ-ի այս տարվա բյուջեն դեռ հաստատված չէ, քանի որ 56 անդամ երկրների միջեւ վեճերը դրա նախագծի շուրջ շարունակվում են: Սակայն Մոսկվայի որոշումը եւ ԵԱՀԿ-ին անկողմնակալության մեջ մեղադրելու մասին հայտարարությունները վկայում են, որ խնդիրը ոչ թե ֆինանսական է, այլ քաղաքական:

Ռուսաստանցի վերլուծաբան Եվգենի Վոլկի գնահատմամբ, Մոսկվային առաջին հերթին զայրացնում է ԵԱՀԿ-ի մոտեցումը ռուսաստանյան կամ հետխորհրդային որեւէ այլ երկրի ընտրությունների հարցում: «Կրճատելով վճարումը, Ռուսաստանը հասկանալ է տալիս, որ դժգոհ է ԵԱՀԿ-ի գործողություններից եւ ցանկանում է ճնշում գործադրել ԵԱՀԿ-ի վրա»,- ասել է Վոլկը:

Ռուսաստանը նախկինում էլ քննադատել է ԵԱՀԿ-ի դեմոկրատական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի աշխատանքը: Վերջին «առճակատումը» տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ ԵԱՀԿ-ն հայտարարել է, թե Մոսկվայի սարքած խոչընդոտների հետեւանքով չի կարող դիտորդներ ուղարկել Պետական դումայի ընտրությունների ընթացքը հսկելու համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, թե ԵԱՀԿ-ն Վաշինգտոնի ցուցումով է հրաժարվել դիտորդներ ուղղարկելուց:

Այսօրվա դրությամբ նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք ԵԱՀԿ-ի դիտորդները ներկա կլինեն մարտին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին:

ԵԱՀԿ-ի խոսնակ Մարտին Նեսիրսկին ասել է, թե Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ-ին հասցեագրած քննադատությունների ալիքը հատկապես հզորացել է անցյալ տարի Մյունխենում անվտանգության հարցերով միջազգային խորհրդաժողովում Պուտինի արտասանած ելույթից հետո: Պուտինն այն ժամանակ Միացյալ Նահանգներին մեղադրել է աշխարհին Վաշինգտոնի կամքը պարտադրելու համար: Դա եղել է ԱՄՆ-ի դեմ ուղղված Վլադիմիր Պուտինի ամենասուր ելույթը, որը նույնիսկ համեմատել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի Միսուրի նահանգի Ֆուլթոն ավանի Վեսթմինսթերի քոլեջում 1946 թվականի մարտի 5-ին արտասանած հայտնի ճառի հետ, որը պատմաբաններն անվանել են «սառը պատերազմի մեկնարկ»:

«Մյունխենի ելույթը՝ գործընթացի մի հատված էր, այն դիտվում է ավելի ընդարձակ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի եւ ՆԱՏ0-ի հարաբերությունների, ինչպես նաեւ 2007-ի դեկտեմբերին Պետական դումայի եւ 2008-ի մարտին նախագահական ընտրությունների համատեքստում», - ասել է ԵԱՀԿ-ի մամլո խոսնակ Նեսիրսկին:

Անցած տարվա նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ-ի տարեկան գագաթնաժողովը այդպես էլ չի ընդունել վերջնական հռչակագիրը, քանի որ Ռուսաստանը արգելափակել է դրա մի շարք դրույթները:

Վերլուծաբանները ենթադրում են, որ այս տարի, երբ սպասվում է Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը եւ արեւմտյան որոշ երկրների կողմից դրա ճանաչումը՝ ԵԱՀԿ-ի եւ Մոսկվայի հարաբերություններում անխուսափելիորեն ի հայտ կգան նոր տարաձայնություններ:

Ֆինլանդիայի մայրաքաղաքում լույս տեսնող Helsingin Sanomat օրաթերթի քաղաքական մեկնաբան Կարի Հուհթան «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հունվարի 10-ին Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան մեկնելու է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին կներկայացնի Ֆինլանդիայի նախագահության ժամանակաշրջանում կազմակերպության առաջնահերթությունները:

«Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կդառնա օրակարգի հիմնական խնդիրներից մեկը: Ֆինլանդիայի համար Ռուսաստանը աշխարհագրական, քաղաքական եւ տնտեսական առումներով շատ ավելի մեծ կարեւորություն է ներկայացնում, քան ԵԱՀԿ-ի նախորդ նախագահող երկրի՝ Իսպանիայի համար», - ասել է ֆինն վերլուծաբանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG