Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով` Սահակաշվիլին հաղթել է առաջին փուլում


Անցած գիշեր Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն` Միխեիլ Սահակաշվիլին ստացել է 52.8, իսկ նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր Lեւան Գաչեչիլաձեն` 27 տոկոս ձայն:

«Այստեղ հաշվարկված չեն Կոսովոյում եւ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների, ինչպես նաեւ արտասահմանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները», - հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Միջազգային դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել ընտրություններին եւ հայտարարել, թե չնայած արձանագրված որոշ խախտումներին ու թերություններին` դրանք, ընդհանուր առմամբ, ժողովրդավարական էին եւ համապատասխանում էին միջազգային չափանիշներին:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Էլսի Հասթինգսի գնահատմամբ` այս ընտրություններով ժողովրդավարությունը Վրաստանում հաղթական քայլ կատարեց. - «Բոլոր թեկնածուներն ընդհանուր առմամբ հնարավորություն ունեին ազատորեն քարոզարշավ իրականացնել ողջ երկրի տարածքով մեկ: Մենք ուրախ ենք եւ շարունակում ենք դրական գնահատել ընտրությունների օրն արձանագրված խաղաղ մթնոլորտը: Թեեւ կային շատ քիչ թվով թերություններ, անհանգստություն, բռնության դեպքեր, այդուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Վրաստանի ժողովուրդը կարողացավ ազատորեն արտահայտել իր կամքը ընտրատեղամասերում»:

«Վրացիներն արժանի են շնորհավորանքների` ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալու համար, ինչը նրանք ի ցույց դրեցին ընտրությունների օրը», - հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիաս Յոշը: - «Ես ուզում եմ կոչ անել քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին` հարգել ընտրությունների լեգիտիմությունը` հանուն Վրաստանի կայունության եւ ընտրական գործընթացի հանդեպ Վրաստանի ժողովրդի հավատի եւ վստահության ամրապնդման»:

Ընդդիմությունը, սակայն, չի ընդունում հրապարակված արդյունքներն ու պնդում է, թե հաշվարկման գործընթացում տեղ են գտել լուրջ խախտումներ. - «Մենք չենք ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները, քանի որ ունենք բոլոր տվյալները, պաշտոնական արձանագրությունները ընտրատեղամասերից, որոնց համաձայն` հաղթել ենք մենք: Նրանք ամբողջ գիշեր բռնի ուժի գործադրմամբ փոխել են ընտրությունների իրական արդյունքները, որոնց համաձայն` ես ստացել եմ 51 տոկոս ձայն»:

Պաշտոնական Մոսկվան հանդես է գալիս վրացական ընդդիմությանը սատարող հայտարարություններով: «Վրաստանում ժողովրդավարության` լայնորեն գովազդվող հաղթական առաջընթացի մասին առայժմ վաղ է խոսել. ընտրություններում գործի է դրվել վարչական ռեսուրսը, բացահայտ ճնշումներ են կիրառվել ընդդիմադիր թեկնածուների վրա, մինչդեռ Միխեիլ Սահակաշվիլին իր հաղթանակի մասին հայտարարում էր` չսպասելով ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմանը: Եվրոպացի դիտորդների գնահատականները, մեղմ ասած, մակերեսային են», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ակնկալվում է, որ այսօր խնդրի շուրջ հայտարարությամբ հանդես կգա նաեւ պաշտոնական Վաշինգտոնը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG