Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»֊-ը տեղեկացնում է. - «Բուզանդի 1/3 շենքի մոտ դաժան ծեծի են ենթարկվել երկու երիտասարդներ: Ականատեսների վկայությամբ՝ շենքի մուտքի մոտ կանգնած են եղել մի քանի «Ջիփեր», որոնց պատճառով ճանապարհը մեքենաների համար դժվարանցանելի է դարձել: Մի քանի անհաջող փորձից հետո համոզվելով, որ անցնելն անհնար է, սեւ գույնի «Մերսեդես 190» մակնիշի մեքենայի երիտասարդ վարորդը դուրս է եկել մեքենայից եւ «Ջիփերի» մոտ կանգնածներին հարցրել է. «Ճանապարհ տալո՞ւ եք, անցնենք»: Սա ակնհայտորեն դուր չի եկել ջիփատերերին կամ նրանց պահապաններին: Վերջիններս, որոնք եղել են մի տասը հոգի, հարձակվել են երիտասարդ վարորդի վրա: Նրանք բռունցքներով եւ ոտքի հարվածներով դաժան ծեծի են ենթարկել «Մերսեդեսի» վարորդին եւ նրա հետ եղած եւս մի երիտասարդի՝ ոտքով հարվածներ տեղալով նաեւ մեքենայի վրա: Գործն ավարտելուց հետո երկու երիտասարդներին գցել են «Մերսեդեսի» մեջ ու հրահանգել. «Քշի գնա»: Տեղեկացնենք, որ այդ ընթացքում նույն այդ շենքում գտնվող «Հայելի» ակումբում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանձնվում էր «Տարվա մարդ» տիտղոսը, եւ ըստ ականատեսների՝ «Մերսեդեսի» մեջ գտնվող երկու երիտասարդներին ծեծել են հենց Ծառուկյանի թիկնապահները:

«Ինդիփենդենտ» բրիտանական թերթը հիշեցնում է, թե ինչպես է սեւ խավիարը ներմուծվել Եվրոպա: Ռուսաստանյան հեղափոխությունից հետո սպիտակգվարդիականները ապաստանեցին Փարիզում եւ փորձեցին վերականգնել նույն կենսակերպը, ինչ ունեին ցարի օրոք: Պակասում էր միայն մի բան՝ խավիարը: «Այդ բացը լրացրեցին հայազգի երկու եղբայրները, որոնք ծնվել էին թառափով հարուստ Կասպից ծովի մի կողմում՝ Իրանում, իսկ մեծացել էին ռուսական կողմում: Մելքում եւ Մուշեղ Պետրոսյանները հեղափոխությունից հետո ներգաղթել էին Փարիզ՝ օրինական ուսումը շարունակելու ակնկալիքով, սակայն չկարողանալով ընդունվել ֆրանսիական դպրոց, նրանք խորամանկ մի ծրագիր մշակեցին՝ փող հայթայթելու համար: Նրանք համոզեցին սովետական դեսպանատանը՝ խավիար վաճառել իրենց, եւ ի վերջո դիվանագետները տեղի տվեցին եւ կազմակերպեցին խավիարի մատակարարումը Փարիզ: Պետրոսյաններն այն գնեցին մի պայուսակ ֆրանկով՝ կայուն տարադրամով, որի կարիքն ուներ Խորհրդային Միությունը»: «Ինդիփենդենտ»֊-ը փաստում է, որ սկզբնական շրջանում ֆրանսիացիները այնքան էլ մեծ համակրանք չէին տածում խավիարի նկատմամբ, եւ Պետրոսյանների հիմնական գնորդները սպիտակգվարդիականներն էին: Բայց շուտով ֆրանսիական վերնախավը հրապուրվեց խավիարով, եւ այսօր Պետրոսյանների ընկերությունը խավիար վաճառող առաջատար կազմակերպությունն է, որը հիմնավորվել է ԱՄՆ-֊ում եւ ղեկավարվում է Պետրոսյան եղբայրների ժառանգների կողմից:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG