Մատչելիության հղումներ

Պետական պարգեւներ` մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` դեկտեմբերի 28-ի հրամանագրերով պարգեւատրվել են ՀՀ նախագահի աշխատակազմի մի խումբ ղեկավար աշխատողներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը (ՀՀ պետական կառավարման համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար) եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը (ՀՀ արտաքին հարաբերությունների բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար):

Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը, ՀՀ Նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ, մաքսային ծառայության գեներալ-մայոր Արմեն Ավետիսյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 28-ին նաեւ կարգադրություն է ստորագրել ՀՀ պետական կառավարման համակարգում երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ Նախագահի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների ՀՀ Նախագահի շնորհակալագրով պարգեւատրելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG