Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Թորոսյան. «Երկրի զարգացման նոր փուլի առանցքը պետք է լինի մեր քաղաքացին եւ իր ընտանիքը»


«Ավարտվող 2007 թվականը հերթական տարի չէ, որին հրաժեշտ ենք տալիս: Այն եզրափակում է մեր երկրի կայացման փուլը, որը լի էր դժվարություններով ու մարտահրավերներով», - ասված է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի տարեմուտի ուղերձում: - «Ցավոք, ինչպես հատուկ է նման դժվարություններ հաղթահարող երկրներին, այդ տարիներին մենք ստիպված էինք հիմնական ջանքերն ուղղել պետական կառույցների ձեւավորմանը, մեր տնտեսության հիմքերի ստեղծմանն ու զարգացմանը, արդյունավետ օրենսդրության ձեւավորմանը, Արցախի պաշտպանությանը»:

«Այդ ամենի հաջող իրականացումը հնարավորություն է տվել 2008 թվականից սկսելու երկրի զարգացման նոր փուլ, որի առանցքը պետք է լինի մեր քաղաքացին եւ իր ընտանիքը: Մենք այլեւս կարող ենք եւ պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք, որպեսզի ապահովենք միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն մեր երեխաների համար, ժամանակակից պետությանը հարիր գիտություն եւ մշակույթ, լիակատար օրինականություն եւ անաչառ դատական համակարգ, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, վստահության եւ համագործակցության մթնոլորտ, մեր յուրաքանչյուր քաղաքացու համար` բարեկեցիկ կյանք», - նշված է ուղերձում: - «Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ 2008-ը յուրաքանչյուրիս համար լինելու է աննախադեպ հաջողությունների, սիրո ու երազանքների իրականացման տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG