Մատչելիության հղումներ

Շահագործման հանձնվեցին երկու խոշոր տրանսպոտային հանգույցներ


Ամիսներ առաջ սկսված մայրաքաղաքի Բաղրամյան - Կասյան - Կիեւյան եւ Բաղրամյան - Օրբելի տրանսպոտրային հանգույցների շինարարությունն այսօր արդեն ավարտված է: Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ուրբաթ օրը կտրեցին երկու կառույցների խորհրդանշական ժապավենները:

«Ամեն տարի մենք նման աշխատանքներ պետք է կատարենք` Երեւանը ավելի հարմարավետ դարձնելու համար երեւանցիների, մայրաքաղաքի հյուրերի համար», - ասաց նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - «Այդ ծրագրերը ցույց տվեցին, որ ի վիճակի ենք խոշոր ծրագրեր իրականացնել: Շինարարները սովորեցին ե’ւ լավ որակ ապահովել, ե’ւ երեք հերթափոխով աշխատել: Կան բավական հետաքրքիր նաեւ այլ ծրագրեր, որոնց իրականացումը քաղաքի դեմքն է փոխելու դեպի լավը»:

Նախագահի խոսքով, երբ Երեւանն ունենա իր սեփական բյուջեն, ապա ծրագրերն անկասկած կավելանան. - «Երեւանը շատ ավելի հարուստ է, քան կարող ենք ենթադրել: Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ, երբ ասում էի, որ փողի վրա նստած եք, բայց պետբյուջեից փող եք ուզում: Երեւանը իրոք շատ ավելի հարուստ է, բայց պետք այնպես անենք, որ նաեւ երեւանցիների մեջ աղքատներ չլինեն: Եվ սոցիալական տարբեր ծրագրերի իրականացումը, համոզված եմ, որ այդ հնարավորությունը կտա»:

«Այսօր, հանձնելով այս կառույցները հնարավոր ամենակարճ ժամկետում, մենք համոզված ենք, որ առաջիկայում ամբողջովին չեզոքացվելու են այս հատվածում երթեւեկության աճող ինտենսիվության առաջացրած խնդիրները», - իր ելույթում ասաց քաղաքապետը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG