Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի համոզմամբ, Սերժ Սարգսյանը «շանս ունի ապացուցել, որ իրոք հավատում է այն սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց` իր վարկանիշը բարձր է». - «Սա ապացուցելու համար նա պետք է հրաժարական տա Հայաստանի վարչապետի պաշտոնից եւ նախագահի ընտրություններին մասնակցի «շարքային թեկնածուի» կարգավիճակով»: «Ինչ խոսք», - հավելել է խմբագրականը, - «Հայաստանի օրենսդրությունը նրան չի արգելում վարչապետի կարգավիճակով մասնակցելու նախագահի ընտրություններին, բայց այստեղ հարցը սկզբունքային է. Սերժ Սարգսյանը հավատո՞ւմ է, որ վարկանիշ ունի, թե՞ թաքնվում է սուտիբեկյանների ետեւում։ Եվ ընդհանրապես, Սերժ Սարգսյանը հավատո՞ւմ է, որ կարող է լինել երկրի օրինական նախագահ. եթե հավատում է, նա պետք է ողջունի նախագահական ընտրությունների քվեաթերթիկները արտերկրում տպագրելու գաղափարը, նույն վերաբերմունքը պետք է ունենա նաեւ ընտրողների մատները թանաքոտելու առաջարկի վերաբերյալ, որովհետեւ այս ամենը ծառայելու է իր հաղթանակի անառարկելիությանը, լեգիտիմությանը՝ վերջապես»:

Ամփոփելով քաղաքական տարին` «Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը բխեցրել է. - «Դատելով, որոշակի փաստերից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, ի տարբերություն վերջին երեւի թե յոթ-ութ տարիների, որ ապագա զարգացումները հանրության մի զգալի մասի համար այլեւս չեն ընկալվում կանխորոշվածության զգացումով»։ «Ավելին, նույնիսկ իշխանական համակարգի համար այդ զարգացումները բավական անորոշ են», - պնդել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Չնայած արտաքին բոլոր ցուցանիշներով մեր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել, միեւնույն է, 2007 թվականը կարելի է համարել մեծ ձեռքբերման տարի հենց այն իմաստով, որ սովորական միապաղաղությանը սկսել են փոխարինել անսովոր իրադարձությունները, այսինքն՝ սառույցը կոտրվել է, հավերժական ստատուս քվոն խախտվել»։

«Իսկական իրավունքը» թերթի ամփոփիչ խմբագրականն իր հերթին փաստել է. - «Տարվա ամենահետաքրքիր գործընթացը պետք է համարել այն, ինչ տեղի ունեցավ ՀՀԿ-ի դերակատարության առումով։ Այդ խոշորագույն կուսակցությունը, քաղաքական զարգացումների առումով, ավելի ու ավելի զատվեց Ռոբերտ Քոչարյանից։ Ու եթե տարեսկզբին շատերը պնդում էին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ տարաձայնություններն անհնար են, ապա այժմ դրանք առավել քան բացահայտ են: Ավելորդ չէ մատնանշել այն հանգամանքը, որ նույն Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «կացնային» քննադատությունն ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, Սերժ Սարգսյանի քարոզարշավին օգուտ չի բերում, եթե չասենք հակառակը, եւ քարոզչական արդյունավետության տեսանկյունից վարչապետի վերաբերյալ «պրոտոկոլային» ռեպորտաժների ներկայացումը՝ նախագահականի կոշտ հսկողության տակ գտնվող հեռուստաալիքներով, նույնպես առանձնապես օգտակար չեն»։ «Եվ, ինչպես ասում են, սատանան հուշում է. իսկ արդյո՞ք այդ ամենը միտումնավոր չէ», - բխեցրել է խմբագրականը։

«Իրավունք» թերթի հարցազրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը բացառելով հնարավորությունը, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ պայմանավորվածություն գոյություն ունի Քոչարյանի ապագա վարչապետության շուրջ, հիմնավորել է. - «Ասված է չէ՞, երկու գլուխ մի ամանում չեն եփվում, այլապես անիմաստ է դառնում թե' պայքարը, թե' նրանց պաշտոններ զբաղեցնելը։ Եվ եթե նույնիսկ ինչ-որ արհեստական ալյանսով հնարավոր լինի պայմանավորվածություն ձեռք բերել՝ ընտրություններում հաղթելու համար, ասենք՝ նրանք միմյանց խաբեն ու ասեն, մեկը դառնում է նախագահ, մյուսը՝ վարչապետ, շատ արագ այդ «ալյանսը» կքանդվի, եւ ընտրություններից հետո գրեթե մեկ ամսվա ընթացքում իրավիճակը կփոխվի. նախագահը պաշտոնանկ կանի վարչապետին»:

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով, Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունը օրերս մերժել է մուտքի վիզա տրամադրել հայ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների` Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի համայնքների թաղապետեր Գագիկ Բեգլարյանին, Մհեր Սեդրակյանին եւ վերջիններիս ընտանիքներին, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: «Մեր աղբյուրները նշում են, որ որպես մերժման պատճառ դեսպանատանը ասել են, որ վերոհիշյալ անձինք վստահություն չեն ներշնչում եւ կարող են չվերադառնալ», - գրում է թերթը` հավելելով. - «Գագիկ Բեգլարյանը ԱՄՆ-ի դեսպանատանը հատուկ ընդգծել է, թե ԱՄՆ-ում բնակարան ունի, որը գնել է հոր փողերով, բայց նույնիսկ այդ փաստարկը չի անցել»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG