Մատչելիության հղումներ

Հայաստանի հաջորդ նախագահը կհրավիրվի Բաքու


Փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո Հայաստանի նախագահը կհրավիրվի Բաքու: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է TRACECA-ի մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը:

Նշելով, որ դեկտեմբերի 12-13-ը Աստանայում անցկացված համաժողովը որոշում է ընդունել TRACECA-ի 15-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը 2008 թվականի սեպտեմբերին Բաքվում անցկացնելու վերաբերյալ, Մուսթաֆաեւը հավելել է. - «Համաձայն ընթացակարգային կանոնների, հյուրընկալող երկրի` Ադրբեջանի նախագահը պետք է միջոցառմանը անձամբ հրավիրի TRACECA-ում ընդգրկված պետությունների ղեկավարներին: Միայն բացառիկ դեպքերում է Եվրամիությունը միջամտում եւ ստանձնում միջոցառմանը չհրավիրվածների մասնակցության կազմակերպումը»:

Նա նշել է, որ Հայաստանը նախապես դեմ էր Բաքվում հոբելյանական գագաթնաժողովի անցկացմանը, սակայն երբ Ղազախստանը հանել է իր հայտը` այլ թեկնածու չի մնացել:

«Իր հերթին, Ադրբեջանը խոստացել է պահպանել գագաթնաժողովի անցկացման բոլոր կանոնները», - ասել է Մուսթաֆաեւը եւ հիշեցրել, որ 1998 թվականին նույնպես Հայաստանի նախագահը հրավիրված էր Բաքու` TRACECA-ի գագաթնաժողովին, սակայն նրա փոխարեն ժամանել էր վարչապետը:

Ներկայումս TRACECA-ում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ղազախստանը, Ղրղըստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG