Մատչելիության հղումներ

«Իմեդի»-ն ժամանակավորապես դադարեցրեց հեռարձակումը


Վրաստանի «Իմեդի» հեռուստակայանը ժամանակավորապես դադարեցրեց հեռարձակումը՝ մինչեւ հունվարի 5-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները: Հեռարձակումը դադարեցնելու որոշման մասին չորեքշաբթի երեկոյան ուղիղ եթերում հայտարարեց հեռուստատեսության քաղաքական ծրագրերի տնօրեն Գեորգի Թարգամաձեն` ամբողջ աշխատակազմի ներկայությամբ եւ նրա անունից:

«Մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել հեռարձակումը, քանի որ ցանկանում ենք հեռու մնալ իշխանությունների կեղտոտ քաղաքականությունից: Հեռարձակումը չենք վերականգնի, մինչեւ չհանդարտվեն կրքերը, չդադարեն մեր լրագրողների նկատմամբ իշխանությունների շանտաժները», - հայտարարեց Թարգամաձեն` հավելելով. - «Չենք վերադառնա եթեր, մինչեւ չհստակեցվի հեռուստաալիքի սեփականության հետ կապված իրավական կարգավիճակը»:

Հեռուստակայանի հիմնադիրը Վրաստանի նախագահի թեկնածու, Լոնդոնում գտնվող մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլին է, ով թեեւ բաժնետոմսերի մի մասը վաճառել է Ռուպերտ Մերդոկի News Corporation-ին, սակայն, Վրաստանի դատախազության պնդմամբ, շարունակում է մեծ ազդեցություն ունենալ «Իմեդի»-ի աշխատանքի վրա: Ուստի հեռուստատեսության աշխատակիցները պահանջում են, որպեսզի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը կամ փոխանցվի News Corporation-ին, կամ բաժանվի իրենց միջեւ: Թարգամաձեի խոսքերով` այս հարցի շուրջ News Corporation-ի եւ Պատարկացիշվիլիի միջեւ բանակցություններ են ընթանում, եւ իրենք եթեր կվերադառնան, երբ կոնկրետ որոշում կկայացվի:

«Իմեդի»-ն միշտ եղել է անկողմնակալ եւ այդ իսկ պատճառով վայելել է հեռուստադիտողների վստահությունը, սակայն հիմա հեռուստաընկերությունը դարձել է քաղաքական կեղտի գլխավոր թիրախը: Հեռուստատեսության աշխատակիցներին շանտաժի են ենթարկում, նրանք անընդհատ սթրեսի մեջ են եւ չունեն աշխատանքը անվտանգ շարունակելու երաշխիքներ», - նշեց «Իմեդի»-ի քաղաքական ծրագրերի տնօրենը:

Երեկ ավելի վաղ «Իմեդի»-ից հեռանալու մասին հայտարարել էին միաժամանակ 6 լրագրողներ` պարզաբանելով, որ չեն ցանկանում ներգրավվել Պատարկացիշվիլիի հետ կապված քաղաքական սկանդալում:

«Մեզ համար անընդունելի է հեռուստաընկերությունում մնալը` այն պարզ պատճառով, որ հեռուստաընկերության հիմնադիր եւ նախագահության թեկնածու Բադրի Պատարկացիշվիլին դառնում է քաղաքական սկանդալի գլխավոր հերոսը: Կարծում ենք, որ այս պայմաններում կարող է ոտնահարվել կամ սխալ ուղղությամբ օգտագործվել մեր լրագրողական ազատությունը», - հայտարարել է հեռացած լրագրողներից մեկը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG